ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամփոփել են տարածաշրջան կատարած այցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, տարածաշրջան կատարած իրենց այցն ամփոփել են հայտարարությամբ, որը զեզտեղված է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյմեբերի 19-26-ը տարածաշրջան կատարած իրենց այցի շրջանակներում շարունակել են իրենց ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Նոյեմբերի 23-ին համանախագահները Երեւանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ նոյեմբերի 26-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:Նոյեմբերի 21-22-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ: Նոյեմբրի 21-ին նրանք այցելել են Զանգիլանի եւ Ջաբրայիլի շրջաններ`տեսնելու ինչ զարգացումներ են տեղի են ունեցել այնտեղ 2010-ի հոկտեմբերին կատարած իրենց վերջին այցելությունից հետո:
Նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հետ նրանք անդրադարձել են օգոստոսին եւ սեպտեմբերին ԱԳ նախարարներ Նալբանդյանի եւ Մամեդյարովի հետ իրենց ունեցած առանձին հանդիպումների արդյունքներին, ինչպես նաեւ քննարկել խաղաղ կարգավորման գործընթացին ուղղված` հոկտեմբերի 27-ին նախարարների համատեղ հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկները: Կողմերը համաձայնել են հետագա աշխատանքը շարունակել նախարարների մակարդակով:
Համանախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել դեսպան Կասպրշիկին եւ նրա թիմին հրադադարի այս բարդ ժամանակահատվածում դիտարկումներ անցկացնելու, ինչպես նաեւ այս այցը, եւ մասնավորապես` Զանգլան եւ Ջաբրայիլ կատարած այցերը կազմակերպելու համար”: