04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ովքեր են կապիկները

Իմ շատ սիրելի հայրենակիցներ, լրատվական դաշտի մշակներ ու սպառողներ, կալվածատերեր ու կապալառուներ, լրագրողական էթիկայի ջատագովներ և կոխկրտողներ, թույնուկեղտի տարածման հաճույքից նվաղող արնավաճառներ և Լրագրողներ

Բոլորն էլ քաջ գիտեն, որ ամենալավ լուրը վատ լուրն է, ամենավաճառվողը՝ զոհ, արյուն, ողբերգություն, ինտրիգ, ով ում, ինչու, ինչպես, ով է մեղավոր: 

Լրագրողական էթիկայի գոնե մերձակայքում գտնվող լրագրողները գուցե կարդացած լինեն, որ եթե տուժածներ կան, ապա նրանց հարազատներին, ովքեր հոգեպես ծանր ու ընկճված վիճակում են, ովքեր պայքարում են իրենց մերձավորների կյանքի համար, այնքան էլ բարոյական չէ սադրող ու գրգռող հարցեր ուղղելը:

Երբ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը shamsyan.com-ին (http://shamshyan.com/hy/article/2015/05/28/54535/) տված իր հարցազրույցում հերքեց ու ափսոսանք հայտնեց իր մտքերն ու բառերն աղավաղելու և այլափոխելու համար, միայն մեկ կայք անդրադարձավ դրան, իսկ նախորդը, որտեղ վշտի տակ կքած մարդը ոչ ադեկվատ վերաբերմունք է դրսևորում, վիրավորանքներ շաղ տալիս, արտատպեցին համարյա բոլոր կայքերը: Յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր գործունեության, արտաբերած բառերի, դրանց հետևանքների համար:

Սակայն, ինչքան էլ վկայակոչեք ապրածս տարիներն ու տառապանքիս փորձը, էլի չեմ կարողանում հասկանալ, որտեղից մեր լրատվամիջոցներին էդ կույր չարությունն ու անկապ չկամությունը, լավը չտեսնելու, ոտնատակ անելու, ձվի մեջ մազ ներարկելու և հանկարծակիորեն հայտնաբերելու մղում-միտումները:

Ինչքան հեշտ է դարձել մարդկանց անվանարկելը: Կես միլիմետր ճանապարհ չանցած ու կես գրամ արժեք չստեղծած մեկը կարող է բերանից ցեխաթույն արտաթորել, և մեկը մյուսից հետ չմնալու մղումով, էլեկտրոնային համքար-եղբայրությունը սկսում է այն տարածել: Իմ գործընկերներ ջան, եկեք էս ընդհանուր ու քաոսային վազքի մեջ լավն էլ տեսնենք, գնահատենք, ցեխի տաշտը շուռ տալիս գոնե մի պահ նայենք, մի ակնթարթ խորհենք՝ ում վրա ենք լցնում:

Մեր երկրում ստեղծվել, գործում ու զարգանում է բնակչության պաշտպանության հզոր համակարգ, որը մրցունակ է ու համաքայլ համաշխարհային զարգացումներին, համահունչ՝ մեր երկրի կարիքներին: Հնարավոր է, որ ոմանց շահերը համահունչ չեն այդ զարգացումներին: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնելու է իր գործառույթներն առավել ինտենսիվ ու արդյունավետ՝ ի շահ մեր երկրի, մեր համայնքների ու մեր քաղաքացիների:

Արտակարգ բարեմաղթանքով՝ Նիկոլայ Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ