02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Սրախողխող են արել հղի կնոջն ու ճանապարհի կողքին թողել կիսամեռ

Խաչիկ Բաղդասարյանի պատմությունը

1914 թ., Մուշ

Լիաննա Հարությունյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մայրական պապի պատմությունը: Նա մի քանի ամսական է եղել, երբ սկսվել է Ցեղասպանությունը: Հայրը տանը չի եղել, իսկ մայրը նրանց փակել է թոնրի մեջ ուհեռացել՝ շեղելով թուրքերի ուշադրությունը: Երեխաները փրկվել են՝ հետագայում պարզելով հղի մոր մահվան դաժան մանրամասները:

«1914 թվական, մայիսի 25, Արևմտյան Հայաստան, Մշո Ծղակ գյուղ… Ծղակցի Բաղդասար Գասպարյանի ընտանիքում ծնվում է մայրական պապս` Խաչիկը: Ընտանիքում նա չորրորդ երեխան էր: Բաղդասարը գործի բերումով հաճախ է բացակայել՝ մեկնելով Սիրիայի Հալեպ քաղաք:

Պապիս մայրը` Եղսոն (մորս հորաքրոջ նկարագրությամբ), արևափայլ հյուսերով, երկնաթափանց աչքերով, ձյունաճերմակ մաշկով, եթերային գեղեցկությամբ տիպիկ մի հայուհի, գերած է լինում թուրքի բեկի սիրտը: Այդ ժամանակ Եղսոն հղի է լինում: Բեկի ասկյարը մի օր ուշ գիշերով այցի է գալիս Եղսոյին, փոխանցում բեկի խոսքերը. «… Կոտորած է լինելու… Ազգս ազգիդ բնաջինջ է անելու… ես Քեզ հավնած եմ Եղսո, դարձիր իմ կինը: Երեխային կծննդաբերես, տիրուհու պես կպահեմ Քեզ, կապրես իմ տանը երեխաներիդ հետ միասին, կշահեմ, կպահեմ բոլորիդ…»: Եղսոն մերժում է: Պարզվում է թուրքի բեկը վաղուց է սիրահարված լինում Եղսոյին: Օրեր անց բեկը կրկին իր ասկյարին Եղսոյի մոտ է ճամփում` նույն առաջարկությամբ և նորից մերժվում է: Եղսոն բեկին փոխանցում է` «Ես հայ իմ, իմ երեխեք հեր ունին, ես լե ամուսին…»: Մորս մեծ հորեղբայրը` Օհանը, այդ ընթացքում, Թիֆլիս իր հորեղբոր տուն արհեստ սովորելու է մեկնած լինում: Անցնում են օրեր… Եվ մի օր էլ հանկարծ, դարձյալ գիշերով, Եղսոյին այցի է գալիս հենց ինքը` թուրքի բեկը, առաջարկով. «… կգթամ, կխնայեմ անգամ ամբողջ գյուղացոց, մենակ թե համաձայնիր… հավաքվիր, պատրաստ եղիր, որ առավոտ կանուխ զինվորները գան ձեր հետևից»:

Բեկի հեռանալուց հետո, գիշերով միայն Եղսոն հասցնում է պատեպատ նեղ անցքից դրացուն զգուշացնել, որ վտանգ է սպասվում և պետք է հեռանալ գյուղից: Հետո արթնացնում է աղջկան` Գարանին, ով տասնչորս տարեկան է լինում, միջնեկ որդուն` Մխիթարին (Կոմսոլ), ով չորս տարեկան է լինում և պապիկիս բարուրելու ժամանակ աղմուկ է լսում: Լուսադեմի խավարոտ անդորրը խախտվում է թուրք ասկյարների ձիերի վրնջոցից: Եղսոն վախից ցամաքած հասցնում է միայն երեխաներին իջեցնել թոնիրը և փակել կափիչով (թոնրի կափարիչ):


Այցելուն կրկին բեկն է լինում, այս անգամ արդեն զինված ասկյարների հետ: Երբ բոլորով ներս են լցվում, բեկն առաջանալով կանգնում է ուղիղ թոնրի կափիչի վրա, խոնարհվում է Եղսոյին և հարցական հայացքով սպասում պատասխանի:

Այս ամենին թոնրի ակից հետևում է Գարանը, ամուր փակելով եղբայրների բերանները: Եղսոն կարկամած միայն ասում է. «…մարագից օսկիներս առնիմ, գամ…»: Դուրս է պրծնում և մի քանի տուն անցնելուց հետո միայն ձայնում է բեկին, որ հետ չի վերադառնալու` փորձելով շեղել թուրքերի ուշադրությունը, երեխաներին փրկելու համար: Բեկը լսելով Եղսոյի կանչը, դուրս է շտապում և հրամայում ասկյարներին հետապնդել նրան և սպանել: Բոլորն աղմկոտ դուրս են պրծնում:

Եվ երբ կրկին լուսաբացի անդորնն է տիրում, Գարանը գոտեպնդվում է, բացում թոնրի կափիչը, դուրս բերում եղբայրներին և պատեպատ հարևանին օգնության կանչելով, նրա օգնությամբ միանում է արդեն իսկ գիշերը հավաքված խմբին և մինչև արևածագը հասցնում են գյուղից դուրս գալ՝ ուղղություն վերցնել դեպի սարեր տանող ճանապարհը, որն էլ հետո դառնալու էր գաղթի անհետ ճամփան: Գյուղացիներից մի կնոջ խորհրդով, Գարանը ճանապարհին սկսում է իր իսկ կրծքով կերակրել դեռ տարին չբոլորած պապիկիս: Տասնչորսամյա կույսը դառնում է եղբոր` պապիկիս ստնտուն: Գաղթի ճանապարհին ծղակցիների խմբին են միանում էրիշտերցի գաղթականներ և նրանցից Հովսեփ անունով մի տղամարդ, ով ճանաչում էր Բաղդասարի ընտանիքին, տեսնելով Գարանին տղաների հետ, արցունքն աչքերին պատմում է, թե ինչպես են Ծղակի դաշտերով անցնելուց տեսնում աչք կուրացնող ձյան ճերմակության վրա իր սեփական արյան մեջ թավալվող, կիսամեռ վիճակում իր փորոտիքը հավաքող Եղսոյին, ում կողքին ընկած էր նրա դեռ չծնված և թուրքի ասկյարի կողմից սրախողխող եղած երեխան:

Գարանը սարսափած լսելով մոր դաժան մահը, երդվում է պապիկիս գլխով, որ ապրելու են… Երկար թափառելուց հետո, բնակություն են հաստատում Արևելյան Հայաստանի Թալին աշխարհի մի գյուղում Թուրքի Թալին (այժմ Դաշտադեմ), որն իր բնակլիմայական պայմաններով նման է լինում Մշո Ծղակ գյուղին: Դառը մանկությամբ ապրած պապիկս, ապրելով իր կյանքը, ունեցել է ութ զավակ` յոթը որդի, մեկ դուստր` մայրս:
Պապս մահացել է 1999 թվականի մարտ ամսին` ութսուներեք տարեկան հասակում` մայրական և հայրենիքի կարոտն աչքերում»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ