Թուրքերի 20.3 տոկոսի կարծիքով Հայաստանը վտանգավոր երկիր է Թուրքիայի համար
Թուրքական «Քադիր Հաս» համալսարանի հետազոտական կենտրոնի սոցհարցման արդյունքներից պարզվել է, որ Թուրքիայի բնակչության շրջանում տարածված է այն կարծիքը, թե իրենց երկրի համար սպառնալիք ներկայացնող հիմնական երկրները ըստ վտանգավորության հետևյալներն են`
1.Իսրայել (42.6%)
2.ԱՄՆ (35.3%)
3. Սիրիա (22.1%)
4. Հայաստան (20.3%)
Վերոնշյալ ցուցանիշներն ի հայտ են եկել Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանն ուղղված հարցման արդյունքների ամփոփումից, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «yenimesaj.com.tr» լրատվակայքի տեղեկության համաձայն՝ Թուրքիայի 26 նահանգներում 18+ տարիքային խմբի 1000 քաղաքացու ներկայացվել են Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Ըստ հարցաշարին տրված պատասխանների՝ քաղաքացիների 20.3 տոկոսը համարում է, որ Հայաստանը վտանգավոր է Թուրքիայի համար:
Համեմատության համար նշենք, որ 2013թ. նոյեմբերին անցկացված նմանատիպ հետազոտության արդյունքում հարցվողների միայն 7.2 տոկոսն էր Հայաստանին վտանգավոր համարել: Նույն արդյունքների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների 32.4 տոկոսը համարում է, որ հայ-թուրքական սահմանը չպետք է բացել և ոչ մի պայամանով:
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ հարցվողների 51.9 տոկոսը ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները բացասական է գնահատում, ընդ որում՝ 32.6 տոկոսը կարծում է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի նկատմամբ գաղութարար քաղաքականություն է վարում:
Թուրքիայի քաղաքացիների 47.6 տոկոսը կարծում է, որ Թուրքիան երբեք էլ չի անդամակցի Եվրամիությանը, իսկ հարցվածների 70 տոկոսը վստահ է, որ կողմնակի ուժերը խանգարում են Թուրքիայի եվրաանդամակցությանը:
Աղբյուր` Ermenihaber.am