Ադրբեջանական ուղղաթիռը մոտեցել է Արցախի սահմաններին
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համաձայն չէ, որ վերջին ժամանակներում հայ ժողովուրդը հաղթանակներ չի ունենում: «Վերջին հաղթանակները, որ ունեցել ենք Արցախյան ազատամարտից հետո, շարունակական են, քանի որ այսօր առաջին գծում մեր զինվորը ամեն օր հերոսություն է կատարում`ամուր պահելով մեր սահմանները»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Իսկ Սարդարապատի, Բաշ-Ապարանի հաղթանակները, ըստ նրա, ժողովրդի միասնականության շնորհիվ են եղել:
Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, ապա Օհանյանն ասաց, որ կրակոցները շատ քիչ են, և հայկական կողմը կարողացել է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որ կզսպի տարբեր տիպի խախտումները: «Մենք ինքներս էլ զսպվածություն ենք պահպանում և սադրանքների չենք գնում»,-նկատեց նախարարը:
Վերջինս հայտնեց, որ 2 օր առաջ Արցախի սահմաններին շատ մոտ Ադրբեջանի քաղաքացիական ուղղաթիռ է թռել, և հայկական կողմը զեկուցել է, ուղեկցել է, որպեսզի քաղաքացիական ուղղաթիռը իր թռիչքը հանգիստ կատարի: