Երբ փոսը փորեն
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստին որոշվեց Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2015թ-ին հատկացնել 15,032.9 հազ. դրամ՝ Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի 14 հասցեում գտնվող շինության ստորգետնյա երկաթբետոնե հիմքերի քանդման աշխատանքներն իրականացնելու նպատակով:
Նախագիծը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այս որոշմամբ առաջարկվում է կարգավորել այն խնդիրը, որն առաջացել է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման հետ կապված.
«Կառավարության որոշմամբ նախկինում այդտեղ կառուցված շենքը քանդվել է, որպեսզի նոր դպրոց կառուցվի: Չինական կողմը խնդրում է, որպեսզի մենք փոսն էլ փորենք, քանդենք նաև նկուղային հարկը և տարածքը տրամադրենք իրենց»,- ասաց նա: «Փոսն էլ կփորենք»,- կատակեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը և հարցրեց, թե շինարարությունը երբ է սկսվելու:
«Շինարարությունը կսկսեն, պարո´ն վարչապետ, հենց ավարտվեն այս աշխատանքները»,- նշեց Աշոտյանը:
«Այսինքն` երբ փոսը փորենք, կսկսեն»,- հավելեց վարչապետը:
«Նախագիծը կա, քննարկված է շահագրգիռ գերատեսչությունների հետ, բավականին գեղեցիկ դպրոց է ստացվում` ժամանակակից ենթակառուցվածքներով: Նախագծի վերջնական հաստատումը դեռ չկա, որովհետև լիազոր մարմինները դեռ պետք է աշխատեն, բայց չինական կողմն էլ է շահագրգիռ, որ ավարտեն այդ դպրոցի շինարարությունը և հանձնեն մեզ»,- ներկայացրեց ԿԳ նախարարը: Վարչապետը հանձնարարեց, որպեսզի արագ ավարտվեն փոսի փորման աշխատանքները և սկսվի շինարարությունը: