…ի սեր Աստծո, թող պատժվի. Երիցյանը՝ Սուրիկ Խաչատրյանից

<<Մենք խոսելու բան չունենք, ես տեղյակ եմ, օրը մի քանի անգամ ենք խոսում, փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, կսպասենք նախաքննության ավարտին>>,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այսօր նախարարությունում մահափորձի վերաբերյալ զրուցել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, ով ևս այնտեղ էր: Նշենք, որ Ազգային ժողովում շարունակվում է 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումը, որտեղ ցուցանիշները ներկայացնում են մարզպետները, սակայն Սյունիքի մարզպետը կրկին բացակայում է:
Հարցին, թե չի անհանգստացնում այն, որ իր ոլորտում կա մեկն, ում ուզում են սպանել, Երիցյանը պատասխանեց. <<Չէ, գիտեք, եկեք, չասենք՝ կա մեկը, ում ուզում են սպանել: Առաջին հերթին ով ուզում է սպանել, մենք պետք է հայտնաբերենք ՝ նա ով է, ում նկատմամբ է կիրառվում, դա արդեն կապ չունի>>:
Դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ Խաչատրյանն այսպես ասած՝ Աստծո կողմից <<հովանավորված է>>՝ քսան փամփուշտ և ոչ դիպուկ, նա արձագանքեց. <<Տա Աստված, որ բոլորս էլ այդպես հովանավորված լինենք: Ես այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում>>: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սուրիկ Խաչատրյանն անփոխարինելի կա՞դր է, պատասխանն էր. <<Անփոխարինելի մարդիկ ընդհանրապես չկան, ոչ մեկս էլ անփոխարինելի չենք>>:
Երիցյանը շեշտեց՝ մարզպետի նկատմամբ եղել է մահափորձ, և պետք է դեպքը բացահայտվի, դրանից հետո կերևա ինչ է եղել, առայժմ վաղ է դեպքին գնահատական տալ: <<Ժամանակին իմ նկատմամբ էլ է եղել մահափորձ Քանաքեռի բաժանմունքի պետ եղած ժամանակ>>,-ասաց նա: Ճշտող հարցին, թե ինքը կամ իր որդիները սկանդալային միջադեպերի մեջ խառնված են եղել, նա բացասական պատասխան տվեց: <<Կան իրավապահ մարմիններին, կա քրեական գործ, որի շրջանակներում այդ ամենը պիտի պարզվի: Սխալ է հետաքննության ու նախաքննության աշխատանքներին խանգարել ու տալ գնահատական>>:
Հարցին, թե ինչու են իրավապահ մարմիններն ու իշխանություններն անընդհատ ներում Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամներին, նախարարը պատասխանեց. <<Կարծում եմ՝ իրավապահ մարմինները նորմալ աշխատում են, և իրենց կողմից արված աշխատանքը ցույց կտա, որ կբացահայտեն: Եթե ինքը մեղք ունի, ի սեր Աստծո, թող պատժվի, եթե մեղք չունի, եկեք, չմեղադրենք մարդուն>>:
Ի դեպ, նախկին ոստիկանապետ Արմեն Երիցյանը չի կարծում, որ մահափորձը բեմականացված է եղել. <<Այդպիսի բան չի կարող նորմալ մարդն անել: Ես գտնում եմ, որ եղել է իրոք մահափորձ, և պետք է բացահայտվի>>: Նա հնարավոր է համարում, որ քսան փամփուշտ կրակել են, ու դրանք չեն դիպչել: Նա կոչ արեց չարդարացնել մահափորձը: