Պայթյուն գազալցակայանում. վիրավորվել են Ճոյտի եղբայրը և որդին
Այսօր առավոտյան՝ ժամը 09.52-ին Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ջրատար:
Նախարարությունը այլ մանրամասներ չի հայտնում: Հիշեցնենք, վերջին օրերին սա գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի 3-րդ դեպքն է:
Նախնական տեղեկությունների համաձայն պայթած մեքենան պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին, այն կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին կանգնած Հակոբ Հակոբյանի եղբայրը եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի