Հայերը ոչնչացնում են իրենց քարանձավները
Հայաստանում այսօր կանգուն են Գորիսի, Շիրակի մարզերում եղած քարանձավները, որոնք վերագրվում են միջնադարին: Սակայն կան նաև հնագույն քարանձավներ, որոնք գիտական մեծ նշանակություն ունեն: Օրինակներից մեկը Եղեգնաձորում գտնվող Արջերի քարանձավն է: Սակայն այս և մյուս քարանձավների պահպանությունը մեծ խնդիր է: Ոլորտի խնդիրների մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը:
Ըստ Շահինյանի՝ Արջերի քարանձավը ցանկանում են դարձնել տուրիստական բրենդ, սակայն սա շատ միամիտ ու կոպիտ վերաբերմունք է: ՛՛Տուրիստական հոսքը պետք է լինի նվազագույնը, կարստային քարանձավ է սա, այնտեղ մտնելը պետք է լինի՝ ըստ ծավալների: Եթե ծավալները թույլ չեն տալիս, ուրեմն հոսքը պետք է հասցնել նվազագույնի՛՛,-ասաց Շահինյանը: Մեկ այլ խնդիր է, որ մարդիկ այդ գեղեցկությունները սիրում են պոկել, տանել տուն՝ առանց հասկանալու, որ դրանով վնասներ են հասցնում:
Միության նախագահի բարձրացրած երրորդ խնդիրը քարանձավների պահպանությունն է: ՛՛Հայաստանի պայմաններում այն շատ գռեհիկ միջադեպերով է ավարտվում՛՛,-նկատեց նա:
Շահինյանը պատմեց նաև, որ տարիներ առաջ ինքը գրել է ՛՛Քարեդռանավոր՛՛ քարանձավի մասին, իսկ մի քանի տարի հետո այն հետազոտել են ու հասկացել, որ 46 քարանձավներից 40-ը այլևս չկա: ՛՛Այդ քարանձավները մոտ էին ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի տանը: Սակայն նա չէր հսկել դրանք փաստորեն՛՛,-նշեց բանախոսը՝ հավելելով.
՛՛Կապ չունի պետությունն ինչքան է մտահոգ, բյուջեն ինչքան է մեծ, եթե նույնիսկ բյուջեն քառապատկվի, հնարավոր չէ ամեն քարանձավի մոտ հսկիչ դնել ու հսկել, պատել քարեբետոնով ու ասել՝ մի՛ մտեք, մտնելու են՛՛:
Խնդիրների լուծման համար հարկավոր է քարանձավները մասնավոր շահագործման հանձնել: Իսկ կառավարությունը հանձնում է վարձակալման ու ժամանակ առ ժամանակ հսկում է, որ այդ շահագործողը հետամուտ լինի դրանց պահպանությանը: Նրա խոսքով՝ իրենց ոլորտի ներկայացուցիչներից Սմբատ Դավթյանը այս խնդիրների լուծման, ինչպես նաև քարանձավների միջոցով տուրիզմը զարգացնելու ծրագիր էր առաջարկել, սակայն արդեն հինգերորդ տարին է, որ այս փաստաթուղթը չարկչրկվում է կառավարությունում՝ վերև ներքև գնալով: