01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սկեսրայրը՝ շշով հարսի ճակատին, հարսը՝ սկեսրոջ բերանին. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է ներընտանեկան մի բախման վերաբերյալ քրեական գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ այս ընտանիքում 2014 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 14-ի սահմաններում այնպիսի վիճաբանություն է ծավալվել, որ սկեսրայրն ու սկեսուրը՝ մի կողմից, իսկ հարսը՝ մյուս կողմից, կենցաղային տարբեր իրերով կռիվ են տվել ու միմյանց հասցրել վնասվածքներ:

65-ամյա սկեսրայրը իր որդու կնոջ գլխին խփել է ապակե շշով՝ ճակատի սալջարդ վերքի ձևով հարսի առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Սկեսրայրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

61-ամյա սկեսուրը նույն օրը, նույն՝ վերը հիշատակված հարսին ապտակել է ու վառարանի մետաղե տաք կրակխառնիչով երկու անգամ հարվածել նրա դաստակին՝ նախաբազկի մակերեսային այրվածքի ձևով պատճառելով թեթև վնասվածքի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

35-ամյա հարսը սկեսուրից «հետ չի մնացել», հարսին նույն հոդվածով է մեղադրանք առաջադրվել, որովհետև, ըստ մեղադրանքի, հարսը «անպատասխան» չի թողել սկեսրայրի շշային հարվածն իր ճակատին ու փոխադարձաբար նրա բերանին հարվածել է… երկաթե թեյնիկով՝ ստորին շրթունքի փափուկ հյուսվածքների սալջարդ, կզակի արյունազեղում պատճառելով:

Իրեղեն ապացույց են ճանաչվել, փաթեթավորվել ու առգրավվել արդեն հովացած կրակխառնիչը և երկաթե թեյնիկը:

Ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է եղել չհեռանալու մասին:

Սակայն կյանքն իր խմբագրումներն է կատարել ընտրված խափանման միջոցի հարցում: 65 տարեկան սկեսրայրը, չնայած ստորագրություն էր տվել չհեռանալու մասին, սակայն հեռացել է կյանքից՝ 2015 թվականի մարտի 4-ին մահանալով քաղցկեղից: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ դադարեցվել է՝ նրա մահվան հիմքով…

Հարսը մարտի 17-ին հաշտվել է սկեսուրի հետ, չի բողոքել, ու սկեսուրի նկատմամբ քրեական հետապնդումը ևս դադարեցվել է դատարանի որոշմամբ՝ տուժողի բողոքի բացակայության, կողմերի հաշտության հիմքով:

Ամբաստանյալի աթոռին մնացել է հարսը, ում վերաբերյալ կայացվել է դատավճիռ:

Գործով պարզվել է, որ ամբաստանյալն ամուսնացել ու ամուսնու հայրական օջախ է մտել 2000 թվականին: Նրա հարաբերությունները ամուսնու ծնողների հետ եղել են լարված: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում նրանց ընտանիքում ծնվել է երկու երեխա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ