Հոսանքի թանկացումը մտահոգիչ է. ՀՀԿ պատգամավոր

Մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ հանրահավաք է նախատեսված: Հնարավոր է արդյոք ՀՀԿ-ականների մասնակցությունը այս հանրահավաքին, թեկուզ երիտասարդության մակարդակով, լրագրողի հարցին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը այսպես պատասխանեց.
«Հարցը մտահոգում է բոլորին, այդ թվում Հայաստանի հանրապետության ցանկացած քաղաքացու: Մեզ մտահոգում է այդ հարցը և կարծում եմ, որ հոսանքի թանկացումը ոչ միայն կբերի սպառման ծավալների նվազման, այլ կարծում եմ դա բացասական հետևանքներ կարող է ունենալ նաև տնտեսական ակտիվության վրա, որը պետք է մտահոգիչ լինի նաև ՀԵՑ ղեկավարության համար»,-ասաց Գագիկ Մելիքյանը և անդրադառնալով հանրահավաքին հնարավոր մասնակցությանը շարունակեց.«Հանրապետականը ընդհանրապես միտինգային տրամադրություններ չի ունեցել և մտահոգիչ հարցերը երբեք միտինգային ճանապարհով չի փորձել լուծել: Կլինեն քննարկումներ և այդ մասին բազմիցս հայտարարվել է ԱԺ նախագահի կողմից : Արդեն իսկ հրավեր ենք ուղարկել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, ով ցանկություն է հայտնել հանդիպում ունենալ ԱԺ-ում ու կարծում եմ որոշում կկայացվի ՀԵՑ-ի հիմնավորումները ուսումնասիրելուց հետո»,-հավելեց Գագիկ Մելիքյանը: