Նախարարի կոչը
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը facebook-ի իր հանրագրում գրառել է.
«Սիրելի՛ շրջանավարտներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:
Այս օրն անկասկած բոլորիդ համար լինելու է հիշարժան և անմոռանալի: Դուք հրաժեշտ եք տալիս ոչ միայն պատանեկան տարիներին, այլև արդեն հարազատ դարձած կրթօջախին: Դպրոց, որտեղ ստացել եք գիտելիքներ, հաստատել ընկերական պարզ ու անաղարտ հարաբերություններ, ունեցել ուրախ և հուզառատ բազում պահեր:
Այս պահին դուք արդեն կանգնած եք կյանքի առավել պատասխանատու փուլի շեմին, երբ պետք է կատարեք ապագայի համար ճիշտ ընտրություն: Վստահ եմ, որ շատերիդ համար մասնագիտությունը եղել է պատանեկան կարևոր երազանքներից մեկը, ուստի կոչ եմ անում բոլորիդ` ստացած գիտելիքներով, տոնական տրամադրությամբ ու վճռականությամբ գնալ դեպի նվիրական երազանքների կատարում:
Սիրելի՛ ուսուցիչներ, այս օրը հիշարժան է նաև ձեզ համար: Դուք հպարտորեն մեծ կյանք եք ճանապարհում ևս մեկ սերունդ, որին տարիներ շարունակ փոխանցել եք ձեր ողջ գիտելիքներն ու իմացությունները, դաստիարակել շրջապատի, ընտանիքի ու երկրի խնդիրներով մտահոգ, բայց միաժամանակ ապագային լավատեսորեն նայող երիտասարդներ:
Ուսումնառության Վերջին դասի կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանում, Սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին ու ծնողներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք»: