Հմայակը ‘քցե՞լ’ է, թե՞ ‘քցվել’ /վիդեո/
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, թե ‘’մեր քաղաքական իրականությունը հայտնի է որպես քցոցի”: Նա հիշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը. “Ով չի քցում, նրան են քցում, ուրեմն քցիր, որ չքցվես”:
Լրագրողները Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվել են, թե ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականում ընդգրկվելուց, այնուհետ ինքնաբացարկ ներկայացնելուց հետո կարելի՞ է եզրակացնել, որ Հմայակ Հովհաննիսյանին “քցել” են:
“Մանդատը չէ, որ ինձ պետք է գեղեցկացնի”,-նախ նկատել է Հմայակ Հովհաննիսյանն ու շարունակել.”Տրամաբանական էր իմ ինքնաբացարկը, եթե հաշվի առնենք այն, որ այս խորհրդարանը չի ընտրվել, այլ կազմավորվել է որոշակի չափանիշներով, որոնք հարիր չեն իմ կերպարին”:
Հմայակ Հովհաննիսյանն այնուհետ դիմել է լրագրողներին, թե կարող եք ինձ շնորհավորել, որովհետեւ ես ընտվել եմ 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր:
Լրագրողների համառ պնդումներից հետո, թե այսուհանդերձ, Հմայակ Հովհաննիսյանը “քցվե՞լ” է, թե՞ “քցել” է, որ ընտրվելուց հետո ինքնաբացարկ է ներկայացրել, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանել է.” Ես երբեք քցող չեմ եղել, ոչ քցվել եմ: Եթե իմ` ինչ- որ ակնկալիքներ, հույսեր չեն արդարացել, դուք դա համարում եք քցվել, դա ձեր իրավունքն է”:
Հմայակ Հովհաննիսյանն ասել է նաեւ, որ ԲՀԿ-ի հետ պայմանավորվածություն ուներ խորհրդարանում իր դերակատարության շուրջ: “Ես պետք է ղեկավարեի հանձնաժողով եւ այդ պայմանավորվածությունները կային: Խոսքը գնում էր համատեղ ծրագրերի մասին: Եթե ես խորհրդարանական խմբակցության անդամ չեմ, ես վերագտնում եմ իմ մասնագիտական անդաստանում ազատ գործելու իրավունքը”, -նշել է Հմայակ Հովհաննիսյանը:
Լրագրողները հետաքրքրվել են նաեւ, թե իր ինքնաբացարկը Հմայակ Հովհաննիսյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ատրճանակի ճնշման տա՞կ է գրել, ինչի մասին նշում էր մամուլը: Քաղաքագետների միության նախագահը պատասխանել է.”Եթե դուք գտնում եք, որ այս երկիրը բանդիտական երկիր է, ուրեմն այդպես մտածեք”: