24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ազգային երգ ու պար» առարկայի նպատակը ազգային արժեհամակարգի ձևավորումն է. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում ներկա է գտնվել “Ազգային երգ ու պար” առարկայի փորձնական ծրագրին մասնակից դպրոցների հաշվետու համերգին: 

Ողջունելով  մասնակիցներին՝ նախարարը  նշել է, որ “Ազգային երգ ու պար” առարկայի փորձարկումը հանրակրթական դպրոցներում ոչ այնքան կրթական ծրագիր է, որքան ազգային ինքնության պահպանման հերթական քայլ.  “Տեխնիկական և տեխնոլոգիական ներկա դարաշրջանում կա մեծ վտանգ, որ կրթությունը կարող է կորցնել ազգային ոգին: Այսօրվա աշակերտի համար բոլոր առարկաները՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, շատ կարևոր են, հատկապես  բնագիտական և տեխնիկական առարկաները՝ տեղակատվական տեխնոլոգիաների մասնագիտություններ ձեռք բերելու համար: Բայց չմոռանանք, որ գիտելիք հաղորդելը դպրոցի հիմնական առաքելություններից մեկն է միայն, մյուս առաքելությունը ազգային ինքնության արժեհամակարգի  ձևավորումն  ու փոխանցումն է սերունդներին: Մենք ունենք պետական կրթական չափորոշիչով ամրագրված բազում առարկաներ, որոնք նպաստում են հայ մարդու դաստիարակությանը:

  “Ազգային երգ ու պար” առարկան գալիս է  լրացնելու այն առարկաների ծաղկեփունջը, որ մենք ներդրել ենք, որպեսզի մեր երեխաները ոչ միայն կարողություն և հմտություն ունենան, այլ նաև իրենց մեջ կրեն ազգային ինքնության վրա խարսխված արժեքներ”,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ծրագրի նպատակը արհեստավարժ պարողներ և երգիչներ  պատրաստելը չէ՝ այլ ազգային ինքնագիտակցությամբ քաղաքացի դաստիարակելը: Գնահատելով մեկ տարի առաջ փորձնական տարբերակով ներդրված ծրագրի արդյունքները՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ առարկայի ներդրման մեթոդական փնտրտուքը սպառված չէ և ավելի լավ արդյունքների համար աշխատանքները մշտապես շարունակվելու են:  

Միջոցոռմանը ներկա են գտնվել նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,  Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը,  “Կարին”  ազգագրական համույթի նախագահ Գագիկ Գինոսյանը: 
Նշենք, որ “Ազգային երգ ու պար” առարկան ներդրվել է ընթացիկ ուսումնական տարվա սկզբին,  հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝  սկսվում է հինգերորդ դասարանից և կավարտվի յոթերորդ դասարանում:
Միջոցառումից հետո ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են  ծրագրի ընդլայնման հնարավորություններին, ներդրման նպատակահարմարությանը և  մի շարք այլ խնդիրների: Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ գալիք սեպտեմբերից ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կավելանա,. “Ծրագրի փորձարկումը և բովանդակային բոլոր առաջարկությունները քննարկվում են միջգերատեսչական աշխատանքային խմբում, որոնք հաշվի կառնվեն դասավանդման ծրագրի լրամշակման ընթացքում”,- նշել է  նախարարը: Անդրադառնալով  դպրոցներում պարուսույց մանկավարժների և համապատասխան դասաժամերի  առկայության խնդրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ “Ազգային երգ ու պար” առարկան ուսուցանվում է շաբաթական երկու դասաժամով / հատկացվել է ֆիզկուլտուրայի մի դասաժամը, իսկ  երկրորդ դասաժամը հատկացվել է դպրոցական բաղադրիչի հաշվին/, իսկ  կադրերի հարցը նախնական փուլում   լուծվում է վերապատրաստումների  միջոցով, սակայն հետագայում խնդիրը լուծում կստանա՝  բուհերում համապատասխան ծրագրի ներդրմամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ