06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ճաշի ժամին ներխուժել են տուն ու սրի քաշել բոլորին

Պողոս Խանջյանի պատմությունը

1900 թ., Կոստանդնուպոլիս

Օֆիկ Խաչատրյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: Նա 15 տարեկան է եղել, երբ թուրքերը ներխուժել են տուն, սրի քաշել տան բոլոր անդամներին: Տատը հասցրել էր տասնհինգամյա փոքրամարմին պատանուն թաքցնել լայն փեշի տակ: Երբ թուրք հրոսակներն ավարտում են իրենց սև գործն ու դուրս գալիս, Պողոսը դուրս է գալիս ընկած տատու փեշի տակից ու սարսափահար վազում փողոց:

«Պողոս Գրիգորի Խանջյանը ծնվել է 1900 թվականին Կոստանդնուպոլսում, մտավորականի ընտանիքում: Հայրը ուսուցիչ էր, մայրը, ինչպես այդ ժամանակի հայ կանայք, զբաղվում էր երեխաների դաստիարակությամբ, չէր աշխատում: Ընտանիքը մեծ էր՝ տատ, պապ, հայր, մայր, քույրեր և եղբայրներ: Ուներ նաև մեծ գերդաստան, սակայն բոլորն անողոքաբար կոտորվեցին թուրք ոսոխի անգութ ձեռքից: 

1915 թվականի գարնանը` ապրիլ ամսին, սովորականի նման հավաքվում են սեղանի շուրջ` ընթրելու: Թուրքերը ներխուժում են տուն, սրի քաշում տան բոլոր անդամներին: Տատը հասցրել էր տասնհինգամյա փոքրամարմին պատանուն թաքցնել լայն փեշի տակ: Երբ թուրք հրոսակներն ավարտում են իրենց սև գործն ու դուրս գալիս, Պողոսը դուրս է գալիս ընկած տատու փեշի տակից: Տեսնելով այդ զարհուրելի տեսարանը` խելակորույս դուրս է վազում: 

Դիմացը դուրս է գալիս մի թուրք ձիավոր` յաթաղանը օդում ճոճելով, բռնում է Պողոսի վզից և նստեցնում ձիու վրա: Այդ պահին հայտնվում է մեկ այլ թուրք զինվորական, որն, ըստ էության, նրանից կոչումով ավելի բարձր մեկն է լինում, հրամայում է ձեռք չտալ պատանուն և հանձնել իրեն` պաճառ բերելով անձամբ նրան մորթելու իր ցանկությունը: Հենց այդ զինվորականն էլ տանում է Պողոսին Ստամբուլ, որդեգրում, նոր անուն տալիս, ուսման ուղարկում և դարձնում իր տան կառավարիչը:

Հինգ տարի շարունակ Պողոսն ապրում է այդ տանը, սակայն և ոչ մի վայրկյան չի կարողանում մոռանալ ոճիրը և հանգիստ չի գտնում: Իմանալով իր թուրք խնամակալի` իր դստերը Պողոսին կնության տալու մտադրության մասին` 1920 թվականին Պողոսը փախչում է այդ տնից և հասնում Եգիպտոս: Եգիպտոսից էլ նավով հասնում է Ֆրանսիա:

Մոտ 16 տարի ապրում է Ֆրանսիայի Վալանս քաղաքում, ցավոք, թուրքի անվամբ: Այստեղ էլ հանդիպում է Ազնիվին` Թորոսի դստերը, որի ընտանիքը ևս զոհ էր գնացել 1915 թվականի եղեռնին: Ամուսնանում են, ունենում չորս երեխա` երկու տղա և երկու աղջիկ: Երեխաներին կնքում է Ազնիվի հայկական ազգանունով: Օտարության մեջ անցկացրած ամբողջ տարիների ընթացքում նրան չի լքում հայրենիք վերադառնալու միտքը. նա խեղդվում էր հայրենի հողի կարոտից: 

Ամեն օր գնում էր նավահանգիստ, բայց փաստաթղթեր չուներ, որ վերադառնար: Եվ վերջապես բախտը ժպտում է նրան: Նավահանգստում մի ընտանիք հրաժարվում է մեկնելուց և փաստաթղթերն ու տոմսերը հանձնում Պողոսին: Պողոսը, լինելով գրագետ մարդ, կարողանում է կեղծել փաստաթղթերը և 1936 թվականին կնոջ և երեխաների հետ վերադառնում է Հայաստան: Մայրս պատմում էր, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին, առավոտյան շուտ վեր էր կենում և գնում Ծիծեռնակաբերդ, համբուրում հուշաքարերը, գլուխն առնում ափերի մեջ ու լուռ արտասվում: Հետագայում Պողոս Խանջյանը ոչնչացնում է Ֆրանսիայի հետ կապող բոլոր փաստաթղթերը, որպեսզի իր զավակները երբեք չլքեն իր այդքան սիրելի հայրենիքը, արմատներ գցեն ու ծաղկեցնեն իր հոգու հանգրվան Հայաստանը:

Ցավալին ամբողջ այս ամենի մեջ այն էր, որ պատմության սկզբում և ողջ ընթացքում հնչեցրած Պողոս Խանջյան անունը հենց այն կեղծ անունն էր, որով այդ տանջված մարդը հասավ Հայաստան, որով կոչեց իր զավակներին, որը կրում են այժմյան իր սերունդները: Իսկ իրականում ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե ինչ անուն ուներ հրաշքով փրկված այդ պատանին: Նա երբեք չխոսեց այդ մասին. երևի սպանված ընտանիքի, նահատակ հայրենակիցների հետ խորը թաղեց կորցրած հայրենիքում»:

Աղբյուր՝ ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ