Հայտնի են “Ժառանգության” պատգամավորներն ու խմբակցության ղեկավարը. Րաֆֆի Հովհաննիսյանի հարցը` սեպտեմբերին
Այսօր տեղի ունեցած “Ժառանգության” ութերորդ արտահերթ համագումարը նոր վարչություն է ընտրել, որը բաղկացած է տասնմեկ անդամից: Վարչության անդամներից մեկը կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն է, մյուս տասը անդամներն առաջադրվում են: “Ժառանգության” նոր վարչությունը կգործի հետեւյալ կազմով. Րաֆֆի Հովհաննիսյան, Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Հովսեփ Խուրշուդյան, Գագիկ Մարգարյան, Սուսաննա Մուրադյան, Լուսինե Պետրոսյան եւ Մարգարիտա Հակոբյան:
Նշենք, որ վարչության անդամներից եւ ոչ մեկը ձայների բացարձակ մեծամասնությամբ չի ընտրվել: Անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին երկու պատվիրակ “դեմ” են եղել:
“Ժառանգության” լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ավելի ուշ նորընտիր վարչության նիստում կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Արմեն Մարտիրոսյանը փոխնախագահ` հանրային քաղաքականության համար պատասխանատվությամբ եւ Ստյոպա Սաֆարյանը գլխավոր քարտուղար` միջազգային հարաբերությունների համար պատասխանատվությամբ:
Վարչությունը նաեւ որոշել է լիազորել “Ժառանգության” խորհրդարանական խմբակցությանը վերսկսել աշխատանքները Ազգային ժողովում՝ առաջարկելով Ռուբեն Հակոբյանին խմբակցության ղեկավար եւ Զարուհի Փոստանջյանին՝ քարտուղար: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացնի սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանին ընդառաջ: