Մեր ընտանիքում ցեղասպանության մասին երբեք չի խոսվել. Արա Գյուլեր
Թուրքիայի քաղաքացի, ծագումով հայ նշանավոր ֆոտոլրագրող Արա Գյուլերը հարցազրոյց է տվել թուրքական Cine 6 TV-ին: «Երեկ, այսօր վաղը» հաղորդաշարի հյուր Գյուլերը խոսել է իր աշխատանքների, իր ծագման և Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ, գրում է Ermenihaber.am-ը:
Ամեն տարի ապրիլի 24-ին տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության թեմայի ակտիվացման առթիվ Գյուլերը նշել է, որ քննարկումներ լինում են բոլոր ժամանակներում: Դրանք եղել են և քարե դարում, և «Միություն ու առաջադիմություն» կուսակցության ժամանակաշրջանում, և Սուլթան Սուլեյման Քանունիի օրոք: «Դրանք միմյանց կուտեն, հետո կհանդարտվեն: Այդպես են ստեղծվում պետությունները«,- ասել է ֆոտոլրագրողը:
Ըստ Արա Գյուլերի՝ իրենց ընտանիքում Հայոց ցեղասպանության մասին երբեք չի խոսվել: «Այս ամենը նորություն է, միայն վերջին տասը տարիների ընթացքում է խոսվում, նախկինում նման բան չկար»:
Իրեն Աթաթուրքի ժամանակաշրջանում մեծացած սերնդի ներկայացուցիչ համարող ֆոտոլրագրողը հայտնել է, որ ոչ ոք երբեք պատճառ չի ունեցել իրեն ասելու, թե դու հայ ես: «Եթե ինձ նման բան ասող լինի, կքոթակեմ»:
Պատմելով հոր մասին, ով որպես դեղագործ մասնակցել է Դարդանելի (Չանաքքալե) մարտերին` Գյուլերը նշել է, թե հայրն իրենից թուրք էր, ինքը` հորից:
Ֆոտոլրագրողը նաև նշել է, որ իր առաջին ֆոտոլուրը եղել է Աթաթուրքի կոտրված արձանը: Հաղորդման ընթացքում ֆոտոլրագրողը պատմել է, նաև որ 1958թ. պատահաբար հայտնաբերել է Թուրքիայի Այդընի տարածքում գտնվող Աֆրոդիսիաս անտիկ քաղաքը, համագործակցել է այնպիսի հայտնի արտասահմանյան ամսագրերի հետ, ինչպիսիք են Times-ը, Life-ը, Der Stern-ը, Paris-Match-ը, ներկայացրել է իր հիշողությունները՝ կապված մի շարք համաշխարհային քաղաքական և մշակութային մեծությունների հետ: Նա երազել է լուսանկարել Չա8լի Չապլինին, սակայն իրենց ծանոթության շրջանում Չապլինը կաթվածի պատճառով արդեն անվասայլակի վրա էր և չի ցանկացել այդ վիճակում լուսանկարվել, ուստի ֆոտոլրագրողի երազանքը չի իրականացել:
Աղբյուր` Ermenihaber.am