Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգի իր դեսպանին Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով
Թուրքիայի արտգործնախարարությունը Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից օրերս Հայոց ցեղապանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ տարածել է գրավոր հայտարարություն, գրում է Ermenihaber.am-ը:
Նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան մերժում և խստորեն դատապարտում է ընդունված բանաձևը` այն համարելով «պատմական իրականության հետ կապ չունեցող և անարդար» որոշում:
«Խնդրի հետ կապված մեր տեսակետները հայտնել ենք Թուրքիայի արտգործնախարարություն հրավիրված Լյուքսեմբուրգի դեսպանին: Իսկ Լյուքսեմբուրգում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Լավենթ Շահինքայան խորհրդակցությունների նպատակով կանչվել է Անկարա»,- ասված է հայտարարության մեջ:
Թուրքական «Milliyet» թերթը հիշեցնում է, որ Լյուքսեմբուրգը համալրեց այն 7 երկրների շարքը, որտեղ Թուրքիան դեսպան չունի :Դրանք են` Եգիպտոսը, Սիրիան, Իսրայելը, Լիբիան, Յեմենը, Վատիկանը, Ավստրիան:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Անկարան Վատիկանից և Ավստրիայից հետ էր կանչել իր դեսպաններին դարձյալ Հայոց ցեղասպանության խնդրից ելնելով. Ավստրիայի խորհրդարանը ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել, իսկ Հռոմի պապը` Հայոց ցեղասպանությունը անվանել 20-րդ դարի առաջին գենոցիդը:
Աղբյուր` Ermenihaber.am