Առաջիկա 15 տարում Ստամբուլում կործանիչ երկրաշարժ կարող է լինել. թուրք պրոֆեսոր
Անցյալ շաբաթ Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը որոշակի իրարանցում է առաջացրել նաև Թուրքիայում: Մասնավորապես, կրկին շրջանառության մեջ են դրվել վերջին 15 տարիների ընթացքում թուրք մասնագետների հետազոտությունների հիման վրա արված կանխատեսումները` Թուրքիային առաջիկայում սպառնացող սեյսմիկ ցնցումների մասին, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Cumhuriyet» պարբերականի տեղեկացմամբ՝ Ստամբուլի տեխնիկական համալսարանի Հանքարդյունաբերության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Նաջի Գյորուրը հայտարարել է, որ իրենք վաղուց են զգուշացրել Մարմարա ծովի՝ Ստամբուլի մերձակա տարածքում հնարավոր հուժկու երկրաշարժի մասին: Ըստ Գյորուրի` երկրաշարժի ուժգնությունը կարող է գերազանցել 7,2 մագնիտուդը:
Թուրք պրոֆեսորի կարծիքով, ժամանակին իրենք նկարագրել են վտանգի չափը, հնարավոր վնասները, այդ վնասները հնարավորինս նվազեցնելու և կանխելու համար անհրաժեշտ միջոցները, նույնիսկ՝ երկրաշարժի հավանական տարեթիվը:
Նշվել է, որ 1999թ հետո երեսուն տարվա ընթացքում Ստամբուլի տարածքում հնարավոր է ուժգին երկրաշարժ: Այսինքն՝ ներկայումս այդ վտանգը դեռևս սպառնում է քաղաքին: Իսկ Ստամբուլը, ըստ պրոֆեսոր Նաջիի, երկրաշարժերի նկատմամբ շատ խոցելի քաղաք է, որտեղ սեյսմակայուն չեն շենքերի մեծ մասը, իսկ ճանապարհները ծայրահեղ անտրամաբանական ու անապահով են կառուցված: Ստամբուլում կա մոտավորապես 1 մլն 600 հազ. շենք, որոնց շուրջ 60 տոկոսը (900-950 հազար շենք) խոցելի է: Թուրք մասնագետի պնդմամբ՝ Ստամբուլի սեյսմակայունությունը բարձրացնելու նպատակով, վերջին տարիներին շատ քիչ բան է արվել՝ պատասխանատու մարմինների անտարբերության պատճառով: Եվ եթե կանխատեսումներն իրականանան, Թուրքիայի խոշորագույն քաղաքը չափազանց մեծ վնասներ կկրի:
Աղբյուր` Ermenihaber.am