Գազի գնի նվազումը կազդի խոշոր սպառողների վրա
Ապրիլի 28-ին «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի համար գազի գինը 1000 խմ գազի դիմաց 189 դոլարից կիջնի մինչև 165 դոլար` ԵՏՄ-ը Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված:
Այս լուրը ստանալուց հետո մի շարք լրատվական միջոցներ և փորձագետներ շտապեցին նշել, որ սա չի ազդի ՀՀ բնակիչներին առաջարկվող գազի գնի վրա` պայմանավորված դոլար-դրամ փոխարժեքի փոփոխությամբ: Առաջին հայացքից սա փաստարկված մոտեցում է, սակայն ավելի ճշգրիտ կանխատեսումներ անելու համար հարկավոր է վերլուծել «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գազամատակարարման վրա կատարվող ծախսերը:
Ընդհանուր առմամբ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 14.5%-ով, իսկ ՀՀ համար գազի գինը նվազում է 12.7%-ով, այսինքն հնարավոր է, որ այս իջեցումը ավելի քան բավարար է գազի գինը սպառողների համար չթանկացնելու, ավելին այն կարող է մարսել նաև դրամի հետագա արժեզրկումը կամ դրա մի մասը:
10 հազ. խմ ավել սպառող և բարձր ճնշման գազատարերից օգտվողների շուկայում ամբողջովին այլ պատկեր է: Նախ նրանք գազի դիմաց վճարում են դոլարով և միայն ՀՀ համար գազի գնի իջեցումը պետք է համապատասխանաբար անդրադառնա նաև նրանց վրա, բացի այդ «Գազպրոմ Արմենիա»-ն աշխատավարձի և այլ ծախսային բաղադրիչների գծով կատարվող ծախսերում չկա դոլարային բաղադրիչ, որի հետևանքով «Գազպրոմ Արմենիա»-ն հայտնվում է շահեկան վիճակում, և ՀԾԿՀ պարտավոր է վերանայել գազի սակագինը խոշոր սպառողների համար` պայմանավորված դրամի նկատմամբ դոլարի արժևորմամբ և ՀՀ համար գազի գնի իջեցմամբ: Ինչը կունենա շղթայական ազդեցություն ամբողջ տնտեսության վրա և սպառողական ապրանքների գների վրա:
Գազի գնի այս իջեցումը կարևոր է ՀՀ համար, քանի որ եթե չլիներ այս իջեցումը` գազի գնի հետագա բարձրացումը կանխելը անհնար կլիներ, իսկ դա կբերեր շղթայական գնաճին, որը ավելի խոցելի կդարձներ ՀՀ բնակիչներ` աղքատության սահմանից այն կողմ թողնելով հազարավոր մարդկանց: Գնի նվազումը կարևոր է նաև ՀՀ արժութային անվտանգության առումով, քանի որ այս գործարքի հետևանքով էներգակիրների ձեռք բերման համար` ՀՀ-ից տարեկան կտրվածքով արտարժույթի արտահոսքը կնվազի 45 մլն. դոլարով, որը կմեղմի արտարժույթային դեֆիցիտը:
Այս գործարքը ունի նաև մի շատ կարևոր կողմ` դա դրամի հետագա արժեզրկումն է: Սա կարևոր քայլ է այդ ուղղությամբ, քանի որ դրամի հետագա արժզրկման հետևանքով առաջին հերթին թանկանալու էր էներգակիրների գները, որը ազդելու էր առանց բացառության բոլոր տնտեսվարող սուբյեկտների և բնակիչների վրա և այս քայլով հնարավոր է մեղմել դրամի հետագա արժեզրկումից առաջոցող գնաճը: