26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Զինվորը բռնությամբ նվաստացվել և ինքնասպան է եղել. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է.

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Բաբկեն Գաբոյանի և Արման Ստեփանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը, հանդիսանալով շարքային Լիբիկ Մ.-ի պետը, ինչ-որ տեղ գնալու իր պահանջը չկատարելու պատճառով ապտակել է զինվորին:

Բացի այդ, կրտսեր սերժանտ Գաբոյանը սերժանտ Արման Ստեփանյանի հետ «քուն» հրամանից հետո զինծառայության պարտականությունների կատարման հետ կապ չունեցող առիթով՝ իրենց քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար շարքային Մանուչար Մ.-ի նկատմամբ բռնություն են գործադրել՝ ձեռքերով կոկորդից բռնել, պատին են հենել, սեղմել են կոկորդը: Երբ Մանուչարը պառկած է եղել անկողնում, ոտքերով նրան հարվածներ են հասցրել:

Սերժանտի ու կրտսեր սերժանտի նվաստացնող գործողությունները, պարբերաբար գործադրած ծեծն ու ծաղրուծանակը ծանր հետևանք են ունեցել՝ ըստ մեղադրանքի:

Շարքային Մանուչարյանի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթեմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակի անելանելիության զգացողությամբ: 2013 թվականի հուլիսի 31-ին, ժամը 13-ի սահմաններում Մանուչար Մ.-ն ինքնաձիգով իր ենթակզակային շրջանում կրակոց է արձակել և ինքնասպան է եղել:

Ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանն ու Արման Ստեփանյանը մեղադրվում են նրան ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով:

Այնուհետև Ռ. Մարտիրոսյանն ասաց, թե Մանուչարյանին ամբաստանյալների կողմից նվաստացումների ու բռնությունների ենթարկելու մասին ցուցմունք է տվել մեկ զինծառայող, նա երեք միջադեպ է նշել, սակայն ստույգ չի հիշատակել, թե այդ միջադեպերի ժամանակ ովքեր են ներկա եղել, ովքեր են հերթապահություն իրականացրել զորամասում: Նախաքննական մարմինն այդ հարցերը չի պարզել ու դրա վերաբերյալ հարցաքննություններ չեն կատարվել:

Ռ. Մարտիրոսյանը միջնորդեց հարցում կատարել զորամասի հրամանատարությանը, թե մեղադրանքի հիշյալ երեք միջադեպերի ժամանակ ովքեր են եղել հերթապահները, նրանց պետերը, ինչպես նաև ջոկի ու վաշտի պատասխանատուները:

Դատարանը բավարարեց այս միջնորդությունը ևս՝ դատական քննության լրիվությունն ապահովելու նկատառումներով:

Այնուհետև Ռ. Մարտիրոսյանը նշեց, թե գործով ապացուցված է համարվել՝ ինչ ինքնաձիգով է ինքնասպան եղել տուժողը: «Մենք դրան չենք հավատում: Անհեթեթություն ենք համարում, որ այդ ինքնաձիգի վրա չեն հայտնաբերվել Մանուչարի կամ որևէ մեկի մատնահետքերը: Դա կարող էր տեղի ունենալ երկու դեպքում. կամ մարդասպանն է մատնահետքերը մաքրել, կամ՝ քննիչը: Մենք համոզված ենք, որ դա արել է նախաքննական մարմինը, քանի որ եթե մարդասպանն արած լիներ, նախաքննական մարմինը դա կպարզեր»:

Այնուհետև Ռ. Մարտիրոսյանը հիշատակեց, որ ինքնասպանության զենքը տուժող Մանուչարին ամրակցված զենքը չէր, Մանուչարին ամրակցված զենքը գնդացիր է եղել: Սակայն պահակային ծառայության ժամանակ նրան տրվել է ինքնաձիգ, որից էլ, ըստ մեղադրական եզրակացության, կատարվել է ինքնասպանությունը:

Ռ. Մարտիրոսյանը միջնորդեց հարցում կատարել, թե տվյալ ինքնաձիգը ո՞ւմ է ամրակցված եղել, ի՞նչ է նշանակում այդ զենքի մասին «գիշերային հրազեն» բնորոշումը, ո՞վ է այդ զենքը տրամադրել Մանուչարին, ի՞նչ հիմքով է դեպքի օրը այդ ինքնաձիգը գտնվել նրա մոտ:

Դատարանը, կողմերին լսելով, այս միջնորդությունը ևս բավարարեց:

Հարցաքննվեց վկա Կարինե Պ.-ն, կոչումով՝ կապիտան: Նա զորամասի ակումբի պետն է: Ամեն շաբաթ ակումբի պետի բանավոր հայտով զինվորներ են հատկացվել՝ ակումբը մաքրելու համար: Ըստ վկայի՝ ակումբը մեծ տարածք ունի՝ դահլիճ, գրադարան, մեծ միջանցք՝ մեծ և շատ պատուհաններով: Հավաքարարի հաստիք չկա, զինվորնեըը լվացել են պատուհանները, ավլել են հատակը, կատարել են մաքրման այլ աշխատանքներ՝ ըստ անհրաժեշտության:

Զինվոր Մանուչար Մ.-ն նույնպես մասնակցել էր այդ աշխատանքներին, ու վկան նրան, ինչպես նաև ամբաստանյալներին այդքանով էր ճանաչում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ