Աշոտյանին դուր չեկավ ԲՀԿ-ականի տոնը
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հնչեցրեց իր գրավոր հարցը, որ վերաբերում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Պատգամավորը նշեց, որ ՀԵՀ-ը սահմանամերձ համայնքներում ծրագրեր է իրականացնում՝ օգնելու պետական բուհ-երում սովորող ուսանողներին, սակայն ուշադրություն չի դարձվում մասնակվոր բուհ-երի ուսանողներին, օրինակ՝ նրանց, ովքեր երկու և ավել ուսանողներ ունեն, ու նրանց կրթաթոշակ կամ որևէ այլ աջակցություն չի ցուցաբերվում: «Ինչո՞ւ մասնավոր բուհ-ի ուսանողներն ընդգրկված չեն այդ ծրագրերում, եթե նրանք էլ են ապրում սահմանամերձ համայնքներում»,-հարցրեց նա:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ իրենց կարևորագույն խնդիրն է կրթության ոլորտում ապահովել մատչելիություն տարբեր խավերի երեխաների համար: Նա նկատեց, որ երբ պատգամավորն ասյ գրավոր հարցով դիմել էր, ոչ մի մասնավոր բուհ դեռ չէր անցել հավատարմագրման նոր կարգը, և ոչ պետական, բայց հավատարմագրված բուհ-երի ուսանողներին տրվելու է պետական նպատակային կրթաթոշակներ արդեն նոր ուսումնական տարվանից: Նա նաև հիշեցրեց պատգամավորին, որ հիմնադրամի նախագահը Կարեն Ավագյանն է, ով ևս պատգամավոր է ու գտնվում էր դահլիճում:
«Կարեն Ավագյանի տեղը լավ գիտեմ, գիտեմ, թե ինչու եմ կառավարությանն ուղղում այս հարցը, որովհետև կառավարության ներկայացուցիչներ կան, որ հոգաբարձուների խորհրդի անդամներ են»,-եղավ Էնֆիաջյանի արձագանքը: Ապա նա նկատեց, որ վերոնշյալ հիմնադրամն ունի 105 դոնորներ, 2014-ի բյուջեն կազմում է 724 միլիոն դրամ, այնտեղ աշխատում են 117 աշխատակիցներ, ու ոչ մի տեղ գրված չէ, թե ովքեր են այդ անձինք ու ինչ գործողություններ են ծավալում:
«Մի զավեշտալի դրվագ ևս՝ այս հիմնադրամի տնօրենի աշխատավարձը վեց միլիոնից ավել դրամ է»,-ասաց նա:
Աշոտյանը պատասխանեց, որ քանի որ պատգամավորը դուրս եկավ գրավոր հարցի սահմաններից, ինքն էլ դուր կգա, առավել ևս որ իրեն դուր չեկավ պատգամավորի տոնայնությունը: «Եթե խոսում եք մասնավոր բուհ-երի ուսանողի կարգավիճակի մասին, ապա հարգարժան պատգամավորը տեղյակ է, որ մասնավոր բուհ-երի ճնչող մեծամասնությունը, որը նաև դուք եք ավարտել, ունի սեփականատեր, ու նախ և առաջ պետք է դնել մասնավոր ուսումնական հասատատություններում կառավարման խնդիրը, ուսանողների պաշտպանվածության խնդիրը, որ ոչ մասնավոր բուհ-երը կապված չլինեն բուհ-ի սեփականատիրոջից»:
Կրթության և գիտության նախարարը նաև հորդորեց ԲՀԿ-ական պատգամավորին, որ եթե մտահոգվում են ուսանողների սոցիալական դրության համար, ապա հաջորդ անգամ, երբ կառավարությունը սոցիալական ուղղվածության նախագիծ կբերի ԱԺ, դնել մի կողմ քաղաքական տարաձանությունները և դրանց էլ քաղաքական, բայց իրական աջակացություն ստանան: «Ինչ վերաբերում է պատգամավորների միջև կառավարության կամուրջ լինելուն, ապա, պարոն Ավագյան, կարծում եմ՝ դուք կհրապարակեք բոլոր տեղեկությունները, որ ձեր գործընկերն ուզում էր»,-եզրափակեց Աշոտյանը: