Էրդողանը վրդովված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների հայամետ աջակցությունից
Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Անկախ արդյունաբերողների և գործարարների միության» գլխավոր խորհրդում: Ըստ թուրքական «Սթար» լրատվական կայքի` Էրդողանը խոսել է նաև հայկական թեմայի շուրջ, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայի նախագահը կոչ է արել «հայկական պնդումները ընդունած» երկրներին նախևառաջ իրենց պատմության սև բծերը մաքրել՝ ընդգծելով, որ այդ հարցում Գերմանիային, Ռուսաստանին, Ֆրանսիային ամենավերջին է խոսք հասնում:
«Գիտենք, թե ինչեր են տեղի ունեցել վերջին 100 տարում, 2 համաշխարհային պատերազմների ընթացքում, որոնք Գերմանիան է հրահրել: Մնացել էր Գերմանիան նման կարգի հայտարարությունները աներ, երբ 1 միլիոն մեր հայրենակիցները Գերմանիայի քաղաքացի են: 2 միլիոն էլ թուրք կա, որոնք քաղաքացիություն չունեն: Գերմանիայի այս վերաբերմունքը, որտեղ 3 միլիոն թուրք է ապրում, հասկանալի չէ»,- ընդգծել է Էրդողանը:
Վերջինս, խոսելով Հայաստանում անցկացված ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցած պետությունների մասին, ասել, որ իրենք չէին ցանկանում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գնան Հայաստան:
«Այնտեղ 2 նախագահ, իսկ մեր մոտ փառք աստծո 20 նախագահ էր եկել,- նշել է Էրդողանը, ապա շարունակել,- այստեղից ևս մեկ անգամ դիմում եմ հայերին և նրանց աջակից ուժերին. եթե այսօր պիտի պատմական դեպքերի համար հաշիվ տալու հարց բացվի, ապա չկասկածեք, որ այդ հարցում ամենահանգիստ երկիրը Թուրքիան է լինելու: Նորից ասում եմ, հեյ Եվրամիություն, մեզ խելք մի սովորեցրու, այն պահիր քեզ: Արդեն 15 տարի է՝ ասում ենք, որ պատրաստ ենք բացել մեր արխիվները: Սրանք ականջ ունեն չեն լսում, աչքեր ունեն չեն տեսնում, լեզու ունեն ճշմարտությունը չեն խոսքում»:
Աղբյուր` Ermenihaber.am