22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը հանդիպել է Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում այսօր մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահամիի հետ:

Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և շնորհակալություն հայտնել ֆորումին մասնակցության համար, ինչը, Հանրապետության Նախագահի խոսքով, հայ ժողովրդի նկատմամբ բարեկամ սիրիացի ժողովրդի անկեղծ հարգանքի ևս մի վկայություն է:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Սիրիայի ժողովրդական ժողովին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերի համար։ Նախագահը բարձր է գնահատել ս.թ. մարտին Սիրիայի ժողովրդական ժողովում Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստի անցկացումը և պարոն Մուհամմադ Ջիհադ ալ Լահամիի ազդեցիկ ելույթը:

Մուհամմադ Ջիհադ ալ Լահամին Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և ընդգծել, որ Սիրիայում հատուկ վերաբերմունք ունեն բարեկամ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ:

Նա նշել է, որ իր գլխավորած պատվիրակության մասնակցությունը երևանյան ֆորումին վկայում է, որ Սիրիան ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահը լավ առիթ է համարել միջազգային հանրության ջանքերի համախմբման և հետագայում նմանօրինակ հանցագործությունները կանխելու համար:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-սիրիական դինամիկ զարգացող հարաբերություններին, որում, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունի սիրիահայ համայնքը: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավով է նշել Սիրիայում արդեն չորս տարուց ավելի ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին և հույս հայտնել, որ բարեկամ Սիրիան այս փորձությունից դուրս կգա ավելի ամրապնդված, երկրում շուտով կհաստատվի խաղաղություն ու կայունություն:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև հայ-սիրիական բարեկամության առանցքում գտնվող միջխորհրդարանական կապերի ամրապնդումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ