28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Պարզ ճշմարտություններ» . Դավութօղլուի նախկին խորհրդականը բացում է փակագծերը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի պատվավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Այս անգամ Մահչուփյանը թուրքական «Աքշամ» թերթում հոդված է հրապարակել, որում նշում է, որ շատ պարզ բաներ կան, որոնք թուրքերը պետք է տեսնեն: Եվ այդ պարզ ճշմարտություններից մեկն էլ այն է, որ ՄԱԿ–ի կողմից ցեղասպանության սահմանման համաձայն 1915 թվականի աքսորը ցեղասպանություն է, և այլ բան կարծելու հնարավորություն իսկ չի թողնում, գրում է Ermenihaber.am-ը:

Մահչուփյանն իր «Որոշ պարզ ճշմարտություններ» վերնագրով հոդվածում գրում է, որ հայերը  տարածվելով աշխարհով մեկ իրենց ինքնությունը  և մշակույթը պահպանելու համար միջոցներ էին փնտրում: Ըստ Մահչուփյանի` այդ փնտրտուքի համար հիմք դարձավ «աշխարհով մեկ սփռվելը» հիշողության մեջ վառ պահելու գաղափարը: Իսկ հետագայում ասպարեզ բերված «ցեղասպանություն» բառը դարձավ այդ «հիշողությունը վառ պահելու» գործընթացի գաղափարական հենքը:

Մահչուփյանը գրում է. «Հայոց ցեղասպանություն» տերմինը կարճ բնորոշումն է  այն ամենի, ինչը տեղի է ունեցել, և այն, ինչը հայերը կորցրել են ու ավելին ասելու կարիք չի մնում: Այս տեսանկյունից «ցեղասպանություն» եզրույթը հայերի համար ունեցել և օգտակար (առողջացնող) և վնասակար (հիվանդացնող) ազդեցություն: Օգտակարն այն էր, որ յուրաքանչյուր ընտանիքի դառը անցյալը դառնում էր համընդհանուր ցավի մի մասը: Միաժամանակ վնասակար էր, քանի որ տեղի ունեցածը գաղափարականացվում էր, քաղաքականացվում և ներկայացվում որպես մարդկային զգացմունքայնությունից անդին մի առաքելություն»:

Մահչուփյանը գրել է նաև թուրքերի վրա տեղի ունեցած իրադարձությունների օգտակար (առողջացնող) և վնասակար (հիվանդացնող) ազդեցություն մասին: Նա նշում է, որ  Թուրքիայի ոչ հայ քաղաքացիները այդ մասին իմանում են  կեղծված պատմության միջոցով: 

«Պետական քարոզչությունը, որը հանցագործին և տուժողին տեղերով փոխել է, ինչպես նաև խաբեությունը, թուրքերի վրա էլ օգտակար (առողջացնող) և վնասակար (հիվանդացնող) ազդեցություն են թողել: Մի կողմից թուրքերին հնարավորություն տրվեց նոր ինքնություն ձևավորել՝ մոռացության տալով կայսրության անկման  ցավը և գաղթով հեռացող ցավերը: Իսկ մյուս կողմից չկրթված լայն զանգվածները ստիպված եղան օտարանալ իրենց պատմությունից ու մշակույթից և փարվել մակերեսային ինքնության:

Այժմ բոլորը ինչպես իրենք իրենց հետ, այնպես էլ այլոց հետ.  կամա թե ակամա առերսվում են: Կա մի պարզ ճշմարտություն, որ թուրքերը պետք է տեսնեն՝ ՄԱԿ-ի սահմանմամբ 1915-ի տեղահանությունն այլ կերպ հնարավոր չէ բնորոշել, քան ցեղասպանություն: Բավականին լայնածավալ սահմանման մեջ ցեղասպանություն է համարվում որոշակի էթնիկ խմբին, կամ դրա մի հատվածին իր պատկանելության պատճառով ոչնչացնելը, վնաս հասցնելը կամ մշակույթը ոչնչացնելը: Երեխաներին իրենց մայրերից բաժանելը նույն բառով է բնորոշվում՝ ցեղասպանություն»,- գրել է Մահչուփյանը՝ նշելով, որ «ցեղասպանության» սահմանման մեջ կարևոր է նաև «նպատակի» առկայությունը:

Հոդվածագիրը, անդրադառնալով երիտթուրքերի դիտավորության առկայությանը, գրում է, որ եթե անգամ հայ գաղթականների առաջին քարավանների համար հնարավոր է խոսել «բարի մտադրությունների» մասին, ապա հաջորդ քարավանների դեպքում արդեն նման բան դժվար է ասել:

Նա հիշեցրել է, որ  տեղահանության քարտեզը ընդգրկում  է ամբողջ երկիրը, իսկ հայ տղամարդկանց նախօրոք զորակոչում էին, հետո բանվորական վաշտերում զինաթափում: Մահչուփյանը նաև ավելացնում է, որ երիտթուրքերի կենտրոնի, «Թեշքլիաթ-ի Մահսուսի» (Հատուկ կազմակերպություն) և այդ ժամանակվա  Ներքին գործերի նախարարության՝ տեղահանության հարցերով պատասխանատու վարչության արխիվներն ամբողջությամբ այրվել են: Ըստ Մահչուփյանի՝ այն ժամանակ մոտ 2.500 եկեղեցի և 2.000 դպրոցի ու մարդկանց ունեցվածքի առգրավվումը, ինչպես նաև հանրապետական շրջանում ևս բացեիբաց  շարունակված այդ քաղաքականությունն ավելի ամբողջական է դարձնում տեղի ունեցածը:

«Կարճ ասած, այս աշխարհում, երբ ամեն մի վայրագություն «ցեղասպանություն» են անվանում, իրատեսական չէ ակնկալել, որ 1915 թվականը դուրս մնա այդ սահմանումից»,- եզրափակել է Մահչուփյանը:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ