Որպես հայ մարդ` շնորհակալ եմ Ֆրանսիայի ղեկավարությանը. Ա. Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերի հնարավոր այցեր Հայաստանի Ֆրանսիական համալսարան, որտեղ վերջիններս հանդիպում կունենան բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
«Որպես հայ մարդ, առիթից օգտվելով ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի ղեկավարությանը` Հայաստանի համար այս շատ կարևոր օրերին մեր երկրին աջակցելու համար»,-նշել է նախարարը:
Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին ընդգծել է, որ Ֆրանիսական համալսարանն իրավամբ համարվում է հայ-ֆրանսիական հաջողված համագործակցության լավագույն օրինակը: Նրա խոսքով` մոտ ապագայում երկու կողմերի միջև կկնքվի համապատասխան համաձայնագիր, որով կճշգրտվեն կողմերի հանձնառությունները, ֆինանսական և իրավական պարտավորությունները, ինչպես նաև բուհի իրավական կարգավիճակի հետ կապվսծ մի շարք հարցեր:
Արմեն Աշոտյանը ողջունել է, որ Ֆրանսիայի կրթության նախարարն աձամբ է ներկա լինելու Բոլոնիայի գործընթացի շրջանակներում մայիսին Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովին` ընդգծելով, որ վերջինս մեկ նիստ է վարելու` որպես Հայաստանից հետո Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը ստանձնող երկրի նախարար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ֆրանսիայի կրթության նախարարի այցի ընթացքում վերջինիս հետ երկկողմանի հանդիպման, ինչպես նաև Երևանի դպրոցներից մեկում ֆրանսիական դասարանի բացմանը ներկա գտնվելու հնարավորությունը: