03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ով ում կմորթի ՀԱԿ-ում. Հայոց աշխարհ

ՀԱԿ-ը կանգնած է հերթական տրոհման շեմին։ Այս անգամ առիթ ծառայեցին սուր տարաձայնությունները խորհրդարանի հայտարարության նախագծի շուրջ, որով ողջունվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ընդունված Համահայկական հռչակագիրը, գրում է «Հայոց աշխարհ»-ը: 

«Տեր-Պետրոսյանին հավատարիմ Լեւոն Զուրաբյանի խմբավորումն արդեն հայտարարել է, որ մտադիր է բոյկոտել քվեարկությունը, իսկ Լյուդմիլա Սարգսյանն ու այլք, հակառակը, պատրաստվում են «կողմ» քվեարկել։ Կողմերը բավական մարտական են տրամադրված, նույնիսկ չեն էլ փորձում որեւէ փոխզիջում գտնել։

Դե ինչ, իրականում Վոլտերի «Ես ատում եմ ձեր համոզմունքները, բայց պատրաստ եմ կյանքս տալ դրանք պաշտպանելու ձեր իրավունքի համար» արտահայտությունը անկեղծությունից բացարձակ զուրկ սոփեստություն է։ Իրականում ատելի գաղափարների արտահայտման իրավունքի համար ոչ ոք երբեք կյանքը չի զոհել։

Վոլտերի բանաձեւը կիրառում են այն դեպքերում, երբ իսկապես ատում են։ Բայց բնավ ոչ համոզմունքները, որոնց արտահայտման ու իրականացման իրավունքը ենթարկվում է սահմանափակումների, այլ միանգամայն այլ բան. նրան, ով փորձում է այդ իրավունքը սահմանափակել։ Ատելության իսկական օբյեկտը ոչ թե համոզմունքները կամ դրանց կրողներն են, այլ պետությունը։

Ինչեւէ, համոզմունքը, թե ՀԱԿ-ը հերթական անգամ անխուսափելիորեն պառակտվելու է, արտահայտում են հենց խմբակցության անդամները, եւ սա այն բացառիկ դեպքերից է, երբ նրանց հետ չես կարող չհամաձայնել։ Թեեւ ընդունված է համարել, որ լավ չէ, երբ քո կարծիքը համընկնում է քաղաքական ընդդիմախոսիդ կարծիքի հետ։

Բայց, մյուս կողմից, եթե գոյություն ունի արտահայտման անկեղծության չափորոշիչ, այն է՝ հիմնավորում հավաստի փաստերով, դատողության տրամաբանական կանոնների գործածում, համեմատություն նախադեպերի հետ եւ այլն, եւ եթե արտահայտումը համապատասխանում է դրանց, ապա հանգամանքը, որ համանման եզրակացությունների է հանգել ընդդիմախոսդ, չի կարող հիմք ծառայել մտքի աշխատանքի արգասիքից հրաժարվելու համար։

Տհաճ բան է գնահատականներում ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ համընկնելը, բայց է՛լ ավելի տհաճ է ճշմարտության հետ չհամընկնելը։ Նման դեպքերում մտավոր առումով ինքնուրույն մարդը կարող է տալ միայն մեկ պատասխան. «Ճշմարտության հարցում ես ոչ միայն ՀԱԿ-ի ներկայացուցիչների, այլեւ նույնիսկ Բաղաամի ավանակի հետ եմ պատրաստ համախոհ լինել»։

Հարկ է նշել, որ բոլշեւիկյան տիպի կուսակցություններում պառակտումները սովորական երեւույթ են, կարելի է ասել՝ նույնիսկ օրինաչափություն։ 1920-ականների սկզբին, օրինակ, ՌԿ(բ)Կ-ի ներսում հասունացավ, այսպես կոչված, արհմիութենական բանավեճով դրսեւորված ճգնաժամ, որն իրականում բանավեճ էր ընդհանրապես քաղաքականության մասին։

Այդ շրջանում կուսակցության ներսում ձեւավորվեցին մի շարք միանգամայն պաշտոնական խմբակցություններ ու խմբեր։ Ամենից հայտնին «բանվորական ընդդիմությունն» էր՝ Ալեքսանդր Շլյապնիկովի եւ Ալեքսանդրա Կոլոնտայի գլխավորությամբ, որը հանդես էր գալիս ժողովրդական տնտեսության ողջ կառավարումն արհմիություններին փոխանցելու օգտին։ Այդ անվանումով խումբն առաջին անգամ հանդես եկավ 1920 թվականին՝ ՌԿ(բ)Կ IX Համամիութենական կոնֆերանսում։

Եվս մեկ նշանակալի խմբակցություն էին Լեւ Տրոցկու կողմնակիցները, որը 1920 թվականի նոյեմբերին հանդես եկավ արհմիությունների ռազմականացման եւ «պետականացման» պահանջով։ Ամենից մեծաթիվ խմբակցությունը «10-ի պլաֆորմի» կողմնակիցներն էին. Վլադիմիր Լենինի ծրագրային պլատֆորմի՝ հրապարակված 1921 թվականի հունվարին։

Խմբակցային պառակտմանը վերջ դրեց X համագումարը (1921 թվականի մարտի 8-16), որը հաստատեց լենինյան պլատֆորմը եւ բանաձեւ ընդունեց «Կուսակցության միասնականության մասին», որով արգելեց ներքաղաքական խմբավորումները։ Չնայած դրան, Լենինի հիվանդության ընթացքում եւ հատկապես նրա մահից հետո կուսակցության ներքին պառակտումը շարունակվում էր։

1923 թվականի հոկտեմբերին իր մասին հայտարարեց «ձախ ընդդիմությունը»։ Տրոցկին գլխավորելով «նախահեղափոխական ստաժով» կուսակիցներին, ԿԿ ուղարկեց «46-ի հայտարարությունը», որը բովանդակում էր կուսակցական ղեկավարության քննադատություն եւ խմբակցությունների ու խմբավորումների համար ազատության պահանջ։

Եվս մեկ պառակտում ակնհայտորեն ուրվագծվեց 1925 թվականի հոկտեմբերին, երբ «նոր ընդդիմությունը»՝ հանձինս Զինովեւի, Կամենեւի, Սոկոլնիկովի եւ Կրուպսկայայի, ներկայացրեց կուսակցության ուղեգծի հետ լուրջ տարաձայնություններն արտացոլող «4-ի պլատֆորմը»։ Ավելի ուշ՝ 1926 թվականի հուլիսին, երկու ուժերը միավորվեցին՝ հանդես գալով պաշտոնական «13-ի հայտարարությամբ»։ Այնուհետ այդ միավորումը ստացավ «Տրոցկիստ-զինովեւական բլոկ» անվանումը։

Ինչպես հայտնի է, իշխանությունը Ստալինից խլել ընդդիմադիրներին չհաջողվեց։ Նրանք բոլորը ենթարկվեցին բռնաճնշումների։ Ի դեպ, այն հարցին, թե որ թեքումն է ավելի վատ՝ ա՞ջը, թե՞ ձախը, ընկ. Ստալինը պատասխանում էր. «Երկուսն էլ ավելի վատ են»։

Կհաջողվի՞ արդյոք ՀԱԿ-ի ներսում ընդդիմադիրներին այս անգամ հաղթող դուրս գալ Ստալին-Տեր-Պետրոսյանի հետ գոտեմարտից եւ քվեարկել խորհրդարանի որոշման օգտին։ Թե՞ Տեր-Պետրոսյանի ուժերը կբավականացնեն եթե ոչ status quo-ն վերականգնելու, ապա գոնե սարսափելի վրեժի համար։ Երբ նա, մի ոտքը գերեզմանում (քաղաքական, իհարկե), հին Մարիոսի պես կմորթի (քաղաքական առումով, իհարկե) իր բոլոր ընդդիմախոսներին եւ մենակ կմնա Զուրաբյանի հետ։

Դժվար է ասել։ Աստծո հրաշքները շատ են, եւ այն հարցը, թե ով ում կմորթի ՀԱԿ-ում, առայժմ պարուրված է անհայտության խավարով։

Այլ հրապարակումներ ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ