Հայ-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ սրացումն անհանգստացնում է մեզ. Ապաթուրայ
Աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները իշխանությունների համար ժողովրդավարության թեսթ կլինեն: Այս մասին այսօր հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, ով պաշտոնական այցով Թբիլիսիում է գտնվում, տեղեկացնում է “Грузия.online”-ը:
Ապաթուրայը Թբիլիսիում կհանդիպի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Վրաստանի եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Գեորգի Բարամիձեի հետ նա ազդարարել է ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկը, որի շրջանակներում Թբիլիսիում եւ Վրաստանի այլ տարածքներում կանցկացվեն միջոցառումներ` համաժողովներ, խորհրդակցություններ եւ այլն:
Ապաթուրայը նաեւ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին` նշելով, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, սակայն աջակցում է Մինսկի գործընթացին:
“Մենք հետեւում ենք իրադարձություններին եւ վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կտրուկ սրացումը անհանգստացնում է մեզ: Մենք դեմ ենք իրավիճակի սրացմանը, քանի որ դա տարածաշրջանում նոր լարվածության պատճառ կդառնա: Մենք վեճերի խաղաղ կարգավորման կողմնակից ենք”,-նկատել է Ապաթուրայը: