«Թուրքիայի արխիվները «մաքրված» չեն, կան Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթեր». գերմանացի լրագրող
«Թուրքական արխիվներում կան ահռելի քանակությամբ փաստաթղթեր, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության իրողությունը»,- նկատում է գերմանական «Die Tageszeitung» պարբերականի ստամբուլյան թղթակից Յուրգեն Գոթշլիգը: Նա այդ ուղղությամբ ուսումնասիրություններ է իրականացնում: Անգամ գիրք է հեղինակել Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի ունեցած դերակատարման մասին: Գոթշլիգին վիճակվել է աշխատել Ստամբուլի օսմանյան և Անկարայի ռազմական արխիվներում:
Ermenihaber.am-ի հարցին «Թուրքիայի արխիվներում հնարավո՞ր է գտնել Հայոց ցեղասպանության մասին փաստող վավերաթղթեր, թե՞ արխիվներն արդեն «մաքրված են» նմանատիպ փաստաթղթերից», գերմանացի լրագրողն ասաց. «Եվ թուրքական, և գերմանական արխիվներում կան ահռելի քանակությամբ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Հայոց ցեղասպանությունն իսկապես եղել է: Էրդողանը հայերին հրավիրում է արխիվներն ուսումնասիրել, քանի որ ինքն էլ տեղյակ չէ թե այնտեղ ինչեր կան: Թուրքական արխիվները «մաքրված չեն», ինչպես կարծում են հայերը:
Ըստ Գոթշլիգի` Հայաստանն իզուր է մերժում Թուրքիայի առաջարկը ստեղծել պատմաբանների հանձնաժողով, քանի որ բոլոր փաստերը վկայում են ցեղասպանության իրողության մասին: Բայց նախ և առաջ հայկական կողմը պետք է գտնի համապատասխան մասնագետներ, որովհետև Թուրքիայի այդ շրջանի արխիվներն օսմաներեն են:
«Ես կարծում Էրդողանը վստահ է, որ Հայաստանը պատմաբաններ չի ուղարկի, ուստի շարունակ հայտարարում է, թե իրենց արխիվները բաց են: Բացի այդ նա նույնիսկ չգիտի էլ թե ինչեր կան իրենց արխիվներում»,- ընդգծում է Յուրգեն Գոթշլիգը:
Հեղինակ` Աստղիկ Իգիթյան / Բեռլին
Աղբյուր` Ermenihaber.am