06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Անբարո կյանքով էր ապրում». նոր հանգամանքներ՝ սպանված և հրկիզված մատուցողուհու քրգործում. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.«Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նորանշանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը:

Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով Մ.- վարձակալած բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար:

Դավիթ Թամրազյանն աշխատել է որպես խոհարար, տիրապետել է մսագործության հմտություններին:Նախաքննության սկզբում իրեն մեղավոր ճանաչած ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչում: Մինչև նոր դատավորի վարույթ անցնելը՝ այս գործով դատական քննությունը համարյա հասել էր ավարտական փուլին: Բայց դատարանի կազմի փոփոխությունը հանգեցրել է նրան, որ այս գործի՝ առանց այն էլ ձգձգված քննությունը սկսվել է նորից:

Եվ դատարանը, ըստ ապացույցների հետազոտման կարգի, սկսեց հարցաքննությունները: Նախ հարցաքննվեց տուժողը՝ հրկիզված բնակարանի տիրուհին: Հրկիզման արդյունքում նրան գույքային վնաս է պատճառվել: Տուժողը բուքմեյքերական գրասենյակի աշխատակցուհի է: Սպանության վայր դարձած բնակարանը ձեռք է բերել 2012 թվականին: Դեկտեմբերին բնակարանը վարձակալել է մատուցողուհի Մ.-ն:

Տուժողը բնակարանը վարձակալության է հանձնել Մ.-ին ու նրա ընկերուհի Ա.-ին, բայց դեպքից հետո իմացել է, որ բնակարանում երրորդ կին էլ է ապրել: Տուժողը դեպքի մասին իմացել է իր բնակարանի ներքևի հարևանուհու հեռախոսազանգից, ով ասել է, թե բնակարանում հրդեհ է:

Տուժողն անմիջապես շտապել է բնակարան՝ անընդհատ զանգահարելով Մ.-ի տված երկու հեռախոսահամարներով, բայց հեռախոսազանգերն անպատասխան են մնացել: Երբ դեպքի վայր է հասել, ոստիկաններից իմացել է, որ հրդեհված բնակարանում դիակ կա: Նրան առաջարկել են բնակարան մտնել ու ճանաչել դիակը:

Երիտասարդ կինը ներս է մտել, անկողնու վրա տեսել է սպանված՝ կոկորդը կտրված Մ.-ին: Ճանաչել է, ապա ոստիկանները նրան հրավիրել են բաժին, ցուցմունք են վերցրել: Տուժողն ասաց, որ Մ.-ի և նրա ընկերուհու բնակվելու ընթացքում ներքևի հարևանը բողոքել է, որ ուշ ժամերին վարձակալներն աղմկում ու խանգարում են: Ինքը զգուշացրել է վարձակալներին, ասել է, թե նրանց կհանի բնակարանից, դրանից հետո հարևանները չեն բողոքել:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Կ. Գրիգորյանի հարցին տուժողը պատասխանեց, թե բնակարանը վարձակալությամբ հանձնելիս տեղյակ չի եղել, եթե ինչ վարք ունեն վարձակալները: Դեպքից հետո հարևաններից, ապա ոստիկաններից ու լրատվամիջոցներից իմացել է, որ մատուցողուհին «ոչ նորմալ կյանքով էր ապրում»: Պաշտպան Գրիգորյանի պնդմամբ տուժողը մեկնաբանեց. «Ոչ նորմալ կյանք ասելով՝ ես նկատի ունեմ՝ անբարո կյանքը»:

Տուժողը նշեց, թե ինքը տվյալներ չունի, որ Մ.-ն հիշյալ կյանքով ապրել է հենց իր բնակարանում: «Նա կարող է բնակարանում ոչինչ էլ չի արել, դրսում է արել… Հաճելի չէ ամեն անգամ այս բաները կրկնելը…»: Տուժողն ասաց, որ 2013 թվականի հունվարի մեկին կամ երկուսին մատուցողուհու և ընկերախմբի հետ եղել է ռեստորանում:

Բնակարանի վարձը վերցնելու համար տուժողը այցելել է բնակարան: Վերջին անգամ վարձը ստացել է դեպքից 4 օր առաջ՝ 2013 թվականի մայիսի 3-ին: Դավիթ Թամրազյանի մասին տուժողն իմացել է ոստիկանությունում, ապա՝ էլեկտրոնային լրատվամիջոցներից: Նրա մասին նախկինում ոչինչ չգիտեր, բնակարան այցելելիս նրան չի տեսել, մատուցողուհու հետ հանդիպումների ժամանակ նույնպես նրան չի տեսել, նրա մասին չի լսել:

Տուժողն ասաց, թե ինքը գույքային պահանջ ունի՝ «վեց հարյուր քանի հազար դրամ՝ ստույգ թիվը չեմ հիշում»: Բավական լարված անցավ տուժողի իրավահաջորդի՝ սպանված մատուցողուհու մայրիկի հարցաքննությունը:

Նա իր դստերը վերջին անգամ տեսել է դեպքի օրը՝ առավոտյան, իր աշխատավայրում՝ բանջարեղենի կրպակում: Երեկոյան հեռախոսով խոսել է դստեր հետ, ոչ մի անհանգստացնող բան չի նկատել: Բայց ժամը 23-ից հետո դուստրը հեռախոսազանգերին չի պատասխանել: Մայրն անհանգստացել է»,- գրում է թերթը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ 1in.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ