«Մեղադրանքներն ինչ-որ պահից կհանվեն»

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների փաստաբան Լուսինե Հակոբյանը համոզված է, որ Ժիրայր Սեֆիլյանը մոտ տաս տարի արդեն թիրախավորված է, և ըստ էության, նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նաև վստահ է, որ Ժիրայր Սեֆիլյանի ու «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամների նկատմամբ առաջադրված մեղադրանքները չեն պաշտպանվելու ու որոշ ժամանակ անց դրանք չեղյալ կհամարվեն:
«ՀԽ»-ի կալանավորված անդամների մյուս փաստաբան Արա Զաքարյանը հավելեց, որ Ժիրայր Սեֆիլյանին և նրա գործընկերներին քաղաքական հետապնդման են ենթարկում նրանց քաղաքական հայացքների համար: Նա նշեց, որ ոչ մի տրամաբանական փաստ չկա, որի համար զանգվածային անկարգություններ կազմակերպելու նկատակով մեղադրանքներ են առաջադրվել, և իշխանությունների միակ պատճառն այն է եղել, որ կարծել են, թե «ՀԽ»-ի անդմաները խոչընդոտելու են ապրիլի 24-ի միջոցառումներին:
Մյուս փաստաբանը՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանի և «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամների տեսակցությունների սահմանափակումը ևս մեկ ցուցադրական որոշում է, որի հիմքում ընկած պատճառները բացակայում են: