Վատիկանն իր վրայից նետեց 100-ամյա հոգեբանական ծանրությունը. Մահչուփյան
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը թուրքական «karar.com» լրատվակայքին տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վատիկանյան պատարագի ժամանակ Հռոմի Ֆրացիսկո 1-ին Պապի ելույթին, որի ընթացքում նա ասել էր. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի հանդեպ է կատարվել», գրում է Ermenihaber.am-ը:
Մահչուփյանը նշել է, որ այն դեպքում, երբ Բոսնիայի Աֆրիկայի դեպքերը ցեղասպանություն են համարվում, այն դեպքում, երբ պարզապես երեխաների անջատումն իրենց ընտանիքներից ցեղասպանություն է համարվում, անհնար է պնդել, թե 1915-ին ցեղասպանություն չի եղել:
«Վատիկանն իր վրայից նետեց հարյուրամյա հոգեբանական ծանրությունը: Հիմա պետք է հակառակ կողմից նայել հարցին. ոչ թե հարցնել, թե ինչու է օգտագործել ցեղասպանություն բառը, այլ՝ թե ինչպես է 100 տարի խուսափել այդ բառից: Վատիկանը կարող էր ավելի շուտ դա անել, բայցչի արել»:
Թուրքիայի վարչապետի խորհրդականը նշել է նաև, որ Պապի խոսքերում քաղաքական կողմ փնտրելը սխալ կլինի, քանի որ և հայերի համար, և այլազգիների համար հիմա դա ավելի շատ հոգեբանական նշանակություն ունի: 100 տարի անց Պապի կողմից ցեղասպանություն բառի օգտագործումը, ըստ Մահչուփյանի, որևէ էական նշանակություն չունի:
«Սակայն կարևորը այդ բառը չէ: Կարևորը անցյալից դասեր քաղելով միասին ապագա կերտելն է: Կարևոր է 100 տարի առաջ տեղի ունեցածին միասին նայել կարողանալը: Կարևոր է այսօր այստեղ ապրող մարդկանց միմյանց հասկանալն ու հաղորդակցվելը», – ընդգծել է Դավութօղլուի խորհրդականը:
Աղբյուր` Ermenihaber.am