Ի՞նչ մտքերով բացատրեմ, որ մենք սովորական վիճակում չենք․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբեմն ինձ թվում է մայրենի լեզվի բառերը քիչ են, երբեմն ինձ թվում է մեր երկրի, ժողովրդի, պետականության այս օրվա վիճակը նկարագրելիս բառերն ու նախադասությունները չեն բավարարում, էն չեն, նվազ են։
Երբեմն մտածում եմ, լավ, էլ ո՞նց ասեմ, էլ ի՞նչ բառերով ասեմ, էլ ի՞նչ մտքերով բացատրեմ, որ մենք սովորական վիճակում չենք, մենք սովորական պետություն չենք, մենք սովորական, դասական եւ բնական իմաստով ընդդիմություն-իշխանություն չենք։
Մենք զավթված երկիր ենք, զավթված պետություն եւ մեր բոլոր քայլերը, խոսքերը, մտքերը, պլանները պետք է համահունչ լինեն հենց այդ վիճակին։ Անշուշտ՝ իմացողը՝ գիտի, հասկացողը հասկացել է, պայքարողը պայքարում է։ Իմ խոսքը էն դեռ չհասկացողներին է ուղղված, էն, դեռ քնած-անգիտության մեջ խաբվածներին։
Լավ, էլ ո՞նց ասենք, ո՞նց հասցնենք ոմանց գիտակցությանը, որ, երբ մենք ասում ենք իշխանափոխության համար պետք է կռիվ տալ, զգոն լինել, ամեն բան անել սրանց իշխանազրկելու համար, հենց դա ենք ուզում, թող ոչ մեկի մտքով չանցնի, որ մենք խոսում ենք մեր՝ իշխանության գալու մասին։ Չմտածի, որովհետեւ այդպես չէ։ Ո՞նց ընկալելի դարձնեմ, որ երբ ես օրը հազար գրառում եւ հարցազրույց եմ տալիս, խոսքս էն մասին չէ, թե մանդատի կռիվ եմ տալիս։ Չկա ըտենց բան։ Ուզում եք, երդվեմ պապայի արեւ, լուրջ։ Իմ միակ նպատակը սրանց իշխանությունից հեռացնելն է։ Ոնց , ի՞նչ բառերով բացատրեմ, որ էս կռիվը տուն-տունիկ չէ, որ իմ, մեր պայքարը հեչ էլ իշխանության գալու պայքար չէ։
Ո՞նց, ի՞նչ բառերով գոռամ, որ ժողովուրդ ջան, խելքի եկեք, ուշքի եկեք , էս էն դեպքը եւ էն վիճակը չէ, որ ամեն մեկդ ձեր անկյուններից ծիկրակեք եւ դինջ լռվեք ձեր տներում։
Ո՞նց բացատրեմ, որ էս էն դեպքը չէ, երբ կարող եք թքած ունենալ ու հով լռվել։
Եթե այդպես վարվեք, ուրեմն ինքներդ ձեր վրա թքած ունեք, ձեր տների, ձեր ընտանիքների, ձեր երեխաների ու թոռների վրա թքած ունեք։
Ո՞նց գտնեմ ամենաբարձր ձայնը ու էս ամեն ինչի մասին գոռամ, գուցե էդ գոռոցի ձայնը սթափեցնի։
Հա, պոռթկացի, ուրիշ անուն չկա, բայց եւ լսեք սա, ուշքի եկեք։
Մեկ մարդով, մեկ քաղաքական ուժով, մեկ խմբով սա չի լինելու, պետք է, պարտավոր ենք, ստիպված ենք խելքի գալ։
Ես ուզում եմ իմ երեխեքը, իմ թոռները եւ նրանց թոռները հայրենիքը չկորցնեն, ապրեն հայկական Հայաստանում։
Իսկ դո՞ւք, դեռ մլուլ տվողներդ, ի՞նչ եք ուզում՝ էժան կանա՞չի․․
Մենք , դուք, մեծամասնությունը վաղուց չի վստահում սրանց, ուրեմն, զադերժկան ինչու՞մն ա․․․»։











































