19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

21-ամյա տաքսիստը դանակահարել է ուղևորին.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Արման Աբելյանի գործի դատական քննությունը:

21-ամյա Արմանը տաքսի է վարել:Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի ապրիլի 16-ին, ժամը 19-ի սահմաններում Էրեբունի փողոցի 14 հասցեի մոտակայքում նա տաքսու ուղեվարձի շուրջ վիճաբանել է ուղևոր Արթուր Մ.-ի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է նրան ու որովայնի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի, 12-րդ կողի, լյարդի, հետորովայնամզային տարածության վնասման ձևով տուժողի առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Արման Աբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Նրա խափանման միջոցը կալանավորումն է: Դատարանն ունկնդրեց կողմերի վիճաբանությունները:

Մեղադրող Ռ. Երիցյանն իր մեղադրական ճառում հաստատված գնահատեց ամբաստանյալին մեղսագրված արարքը: Դատախազը որպես ամբաստանյալին բացասաբար բնութագրող հանգամանքներ նշեց, որ նա «մեղքը չի ընդունում», «այլ կերպ է ներկայացնում» կատարվածը, գործի քննության ընթացքում տվել է հակասական ցուցմունքներ:

Մեղադրողը թվարկեց ամբաստանյալի մեղքը հաստատող ապացույցները, առանձնացրեց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ տուժողի վնասվածքը պատճառվել է շեշտակի հարվածով, ամբաստանյալի ներկայացրած հանգամանքներում նման վնասվածք հասցնել հնարավոր չէր լինի:

Մեղադրողը, որպես ամբաստանյալի ոչ ճշմարտախոսության օրինակ, նշեց, որ նախաքննության սկզբում նա «նույնիսկ» իր ամուսնության տարեթիվը ճիշտ չի ասել ու հայտնել է, թե երեխա ունի, մինչդեռ երեխա չունի:

Մեղադրողն ասաց, թե ամբաստանյալը նախկինում անձի կյանքի և առողջության դեմ ուղղված արարքներ է կատարել, բայց քրեական գործերի հարուցումը մերժվել է: Ամբաստանյալի պահվածքը, տված ցուցմունքները մեղադրողը համարեց պատասխանատվությունից խուսափելու նպատակի հետապնդում, նշեց, թե Աբելյանի նկատմամբ մեղմ պատժի նշանակումը չի կարող ապահովել պատժի նպատակները:

Մեղադրողը միջնորդեց Արման Աբելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Տուժող Արթուր Մ.-ն ասաց. «Ասելու բան չունեմ: Օրենքին եմ թողնում, ոնց որոշի…»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Արսենյանն իր պաշտպանական ճառում ասաց. «Համակ ուշադրությամբ ունկնդրեցինք մեղադրողի ճառը… ինչքան մութ կողմեր կային գործում, ներկայացվեցին»:

Պաշտպանի կարծիքով՝ ի սկզբանե մեղադրական հակվածությամբ է քննվել այս գործը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ