Լրիվ ծաղրանկարի թեմա կլիներ սա․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արտաքին ուժերի աջակցությամբ 2018-ին ՀՀ-ում իշխանությունը զավթածները կրկին դիմել են ԵՄ-ին՝ աջակցություն խնդրելով առաջիկա ընտրություններում։
ԵՄ-ն էլ իր հերթին հայտարարեց, որ պատրաստ է աջակցել ՀՀ այսօրվա իշխանություններին ոչ միայն ընտրական փուլում, այլեւ, ուշադիր՝ արտաքին ուժերից պաշտպանվելու համար։ Լրիվ ծաղրանկարի թեմա կլիներ սա, եթե այսքան «ափաշքյարա», վտանգավոր եւ գռեհիկ չլիներ։
Փաստորեն, ԵՄ -ն, որ, բնականորեն պետք է մեր երկրում ընկալվեր եւ լիներ «արտաքին ուժ», քանի որ ՀՀ-ն ԵՄ անդամ չի, այսօր դարձել է ՀՀ ինքնիշխան պետության գործերին միջամտելու, խառնվելու «ներքին» ուժ։
Կողմերը, անթաքույց եկել են պայմանավորվածության, որ Մոլդովայի սցենարը կարող են եւ կկիրառեն նաեւ Հայաստանում։
Սա եւս մի նոր կանաչ լույս է այս իշխանության համար՝ քաղաքական ընդդիմախոսներին, այլախոհներին, հոգեւոր հայրերին ապօրինաբար բռնելու, փակելու, դատելու, ուժ գործադրելու եւ երկիրը նորից ու կրկին կոշտ բռնատիրական հորձանուտի մեջ ներքաշելու համար։ Իսկ ԵՄ-ն այդ ընթացքում պինդ կփակի իր «սիրունիկ աչուկները» եւ մի անկյունում կապուչինո կխմի թուրքիայի հետ։
Ակնհայտ է, որ սա եւս մեկ քայլ է, Հայաստանի Հանրապետությունը «պոլիգոն» դարձնելու, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում։
Սա եւս մեկ հրապարակային հայտարարություն է առ այն, որ ԵՄ-ի համար իրականում չկան ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ, արժեքներ, որոնցով թվում էր այս կառույցը առաջնորդվում էր եւ պարտավոր էր առաջնորդվել։ Սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ այն եվրոպական արժեքները, դեպի որոնց նույն ԵՄ-ն մի քանի տասնյակ տարիներ պարտադրում, պարտավորեցնում էր մերի պես երկրներին՝ գնալ, առաջնորդվել դրանցով, երկիրը զարգացնել հենց այդ արժեքներին հավատարիմ, մոնիտորինգ-մոնիտորինգի հետեւից էին անում, երբ մեկի քթից արյուն էր ուզում գալ, իրականում մի մեծ փուչիկ էր, խայծ, խաբկանք։
Եկավ օրը, ու եվրոպական դիմակները մեկիկ-մեկիկ պատռվեցին։ Իսկ ՀՀ այսօրվա իշխանությունը զուտ իր հետույքը ՀՀ իշխանության աթոռին եւս մեկ շրջան պահելու համար պատրաստ է այս խալծը կուլ տալ եւ նույնքան «արտաքին ուժ» ԵՄ-ի խոստացած միլիոնների շնորհիվ պայքարել մեկ այլ «արտաքին ուժի»-ի՝ ՌԴ-ի եւ «ներքին ուժի»՝ ՀՀ ժողովրդի դեմ, չհասկանալով, կամ՝ չուզելով հասկանալ, որ այդպիսով ինքը իր ձեռքով պայթեցնում է վառոդի տակառը, որի վրա իրեն նստեցրել են նույն այդ «արտաքին ուժերը»։
Բայց, մի՞թե սրանց համար դա կարեւոր է։
Նայեք զելենսկին ոնց է քանդել եւ դեռ շարունակում է քանդել հսկա Ուկրաինան, ռազմի դաշտի վերածելով։
Էս մեկը ինչ պակասն է․․․»:











































