Ցավոք /վիդեո/
Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանն անդրադառնում է ՀՀ-ի տնտեսական խնդիրներին, բիզնես միջավայրին ու առկա խնդիրներին:
-Պարո՛ն Նուշիկյան, այսօր բիզնես միջավայրի համար պայմաններն ինչպիսի՞ն են, օր օրի ՓՄՁ-ների վիճակը վատանում է, քաղաքի կենտրոնում ամեն քայլափոխի կարելի է տեսնել «վաճառվում է կամ տրվում է վարձով» գրություններ։
-Համաձայն եմ Ձեզ հետ, փակվում են, բայց դա զուտ հարկային քաղաքականությամբ չի կարելի պայմանավորել, միգուցե ինչ-որ մասնիկ կա հարկային և մաքսային մարմինների մոտեցումների հետևանքով, բայց հիմնական պատճառը դա չի, հիմնական պատճառն աշխարհում այսօր գլոբալ փոփոխություններ են՝ նույն եվրո-դոլար հարաբերակցությունը, դոլարը ուժեղանում է, եվրոն՝ թուլանում, ռուբլի-դոլար-եվրո հարաբերակցության հետևանքով մեր շուկան ուղղակի մրցունակ չի դառնում։
Մեծ դեր ունի նաև տրանսֆերտների նվազումը, տրանսֆերտների մեծ մասը գալիս էր, սպառողների գրպանն էր մտնում և շուկա էր տեղափոխվում, այսինքն՝ այդ գումարներից կուտակումներ տեղի չէին ունենում և առօրյա ապրուստի խնդիր էին լուծում։ Բացի այդ, գնողունակությունն ընկել է, ապրանքի շրջանառությունն է ընկել, դրա համար չեն կարողանում աշխատել, փակվում են ստիպված։
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ խոստացված հեռանկարները ԵՏՄ-ում՝ ներդրումներ, մի քանի միլիոնանոց շուկա և այլն, ուղղակի խոստումներ մնացին։
-Ո՛չ, դա ԵՏՄ-ի հետ բացարձակ կապ չունի, ընդհանրապես ԵՏՄ մտնելով մեր հարաբերությունների մեջ ի՞նչ է փոխվել, ոչ մի բան, մի քանի թղթաբանություն նվազել է, գլոբալ առումով ոչ մի բան չի փոխվել։
-Բայց մինչև անդամակցելը այդ խոստումները կային:
-Խոստումներ չի տրվել, ուղղակի խոսվել է հնարավորությունից, որ դա ավելի լայն հնարավորություններ է ստեղծում շուկայում ներկայացված լինելու ոչ միայն ապրանքների արտահանման, այլ նաև, ինչո՞ւ ոչ, աշխատուժի հարցում, այդ առումով հնարավորությունները մեծանում են, ուղղակի ցավոք, ժամանակաշրջանը լավը չէ։
– Իրանի հետ վեցնյակը միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր ստորագրեց, ըստ որի՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն և այլն։ Այս հարցում Հայաստանի համար նոր հնարավորություններ տեսնո՞ւմ եք։
-Նույնպես լայն հնարավորության դաշտ է ստեղծվում, որից ամենակարևորը էներգետիկ ոլորտն է՝ գազ, նավթ, էլեկտրաէներգիա, մենք կարող ենք իրենց հետ բաց համագործակցել։ Վերջին հաշվով Իրանը մեր այն քիչ հարևաններից է, որ մեր նկատմամբ բարիդրացիական է տրամադրված, ուստի ինչքան մեր այս հարևանը լավ լինի, այնքան, ինչպես ասում են՝ շողքն էլ ընկնի մեր վրա՝ էլի լավ է։
-Այսինքն՝ ավելի էժան գազ ստանալու հնարավորություն կլինի՞։
-Ոչ մի բան չի բացառվում։
-Իսկ հաշվի առնելով, որ ՌԴ-ն էլ մեծ էներգառեսուրս ունեցող երկիր է՝ կարո՞ղ ենք մտահոգություններ ունենալ, որ ՌԴ-ն թույլ չի տա Հայաստանին այլընտրանքային միջոցներ գտնել իր համար՝ մանավանդ, որ ունենք նախկինում այդ փորձը, երբ չթույլատրվեց Իրանից Հայաստան եկող գազատար խողովակաշարն ավելի լայն տրամագծով անցկացնել։
– Իրանից խողովակաշարը գազի անցկացման համար մի բան էլ ավելի է, քան մենք այսօրվա դրությամբ ի վիճակի ենք սպառելու, դա հիմնականում վերաբերում է տարանցիկ գազին։ Եթե տարանցիկ գազի հանարավորություն էլ մենք վաղը մյուս օրը ունենանք, կարելի է այդ խողովակը մի քիչ մեծացնել։
-Բայց կթույլատրի՞ նույն Ռուսաստանը Հայաստանով դեպքի Արևմուտք գազ անցկացնել։
-Ինչո՞ւ չպետք է թույլատրի, ինքը, իհարկե շահագրգռվածություն ունի, որ իր գազը սպառենք, բայց եթե ավելի լավ հնարավորություն լինի, ինչո՞ւ չպետք է օգտվենք։
-Ի վերջո, կա պայմանագիր Ռուսաստանի հետ, ընդ որում մինչև 2043թ-ը, որ բոլոր գազատար ցանցերը ՌԴ-ն է տնօրինում։
-Դե եթե մինչև 43թ-ը գազի գնման այլ հնարավորություն լինի, մենք կարող ենք այդ պայմանագիրը չեղյալ հայտարարել ։ Եթե ազգային շահերից չբխի, ինչո՞ւ պետք է շարունակենք։
-Պարո՛ն Նուշիկյան, ըստ հրապարակումների այսօր էլ բանակցություններ են գնում ՌԴ-ի և ՀՀ-ի կառավարությունների միջև գազի գնի հարցում։ Դուք տեղյա՞կ եք, ինչ բանակցությունների մասին է խոսքը։
-Գազի գինը 10 000 խմ/մ ավել սպառողների համար եթե դոլարի փոխարժեքով նայենք, արդեն իսկ թանկացել է,15-20%-ով դրամն արժեզրկվել է, և խոսակցություն է գնում, որ մինչև 10 000 խմ մետր գազ սպառողների համար չբարձրանա՝ հաշվի առնելով՝ դոլարի փոխարժեքի փոփոխությունը։ Այդ առումով է բանակցություններ գնում, որ չբարձրանա, դոլարի փոխարժեքի հետ կապված և եթե մինչև դրամի արժեզրկումը 112 դրամ էր կազմում, հիմա 130 դրամ է դարձել։ Հիմա պետք է աշխատենք, որ չթանկանա, Ռուսաստանը սահմանի վրա գազի գինը 20-25 դոլարով պետք է էժանացնի, որն ամենայն հավանականությամբ կէժանացնի։