24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրավիճակի որեւէ սրում անթույլատրելի է. ԵԱՀԿ գործող նախագահ

 ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 12-ին ընդունեց  ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ Իմոն Գիլմորին:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը` տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու առումով: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ դերը մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում եւ անհրաժեշտ համարեց այդ փոխգործակցության շարունակականությունը:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը եւ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ը անաչառ դիտորդական առաքելություն են իրականացրել` նշելով, որ Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի անկողմնակալ  զեկույցը :

Նրա խոսքով` Հայաստանի նախագահը եւ իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները լինեն ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ:

ԵԱՀԿ գործող նախագահ Իմոն Գիլմորը շնորհավորեց Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` հաջողություններ մաղթելով հետագա գործունեության ընթացքում: Նա բարձր գնահատեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները` այդ գործընթացում կարեւոր դեր վերապահելով Ազգային ժողովին:

Պարոն Գիլմորը կարեւորեց 2011թ.  համաներումը, որը, ըստ նրա, կարեւոր նշանակություն ունեցավ երկրում ներքաղաքական  կայունությունը ամրապնդելու գործում: Նա  նկատեց, որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջողությանը մեծապես նպաստել է ԱԺ կողմից ընդունված  բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, որտեղ ներառված են նաեւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագետների առաջարկները :

Նա կարեւորեց նաեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ինչպես նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի ընդունումը :

ԵԱՀԿ գործող նախագահը անհրաժեշտ համարեց  ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ հետագա համագործակցության խորացումը եւ աջակցության պատրաստակամություն հայտնեց:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին : ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ:

«Մեր երկիրը բազմիցս ապացուցել է, որ հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով:  Կողմերը պետք է զերծ մնան որեւէ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն եւ խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նրա համոզմամբ` ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ տարածաշրջանի համար: ԱԺ նախագահը մտահոգություն հայտնեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների եւ ոտնձգությունների համար, դատապարտեց` նշելով, որ միջազգային հանրությունը պետք է արժանի գնահատական  տա Ադրբեջանի պահվածքին:

Պարոն Գիլմորը նույնպես կարեւորեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա,  եւ շեշտեց. «Մենք ուժի գործադրում չենք ընդունում, եւ : Պետք է շարժվել առաջ` դեպի խաղաղ կարգավորում»:

Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով` ԵԱՀԿ գործող նախագահը հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառույցը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:

 


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ