Այնպիսի երեւույթները, ինչպիսին ցեղասպանությունն է, վեր են քաղաքականությունից. Կնեսետի պատգամավոր
“Reuters” գործակալությունը հոդված է հրապարակել` “Իսրայելցի պատգամավոր Գիլադ Էրդանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը” վերնագրով, որն անդրադառնում է հունիսի 12-ին Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության թեմայով տեղի ունեցած քննարկմանը: Հոդվածում մասնավորապես նշվում է.
“Իսրայելի նախարարական կաբինետը հայտարարեց երեքշաբթի, որ պետք է փոխի իր քաղաքականությունը եւ 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները ճանաչի որպես ցեղապսանություն: Իսրայելի բնապահպանական հարցերի նախարար Գիլադ Էրդենը, ով վարչապետ Բենյամին Նետանյահուի դաշնակիցն է, իր ելույթում նշել է. “Կարծում եմ` շատ ճիշտ կլինի, եթե Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչի Հոլոքոստը, որ իրագործվել է հայ ժողովրդի դեմ”:
Իսրայելն արդեն երկար տարիներ է խուսափում է հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն որակել` փորձելով չխզել առանց այն էլ լարված հարաբերությունները Թուրքիայի հետ, որը հերքում է այդ փաստը: Էրդենի կարծիքով` իսրայելական կառավարությունը պաշտոնապես չի փոխել իր վերաբերմունքը հայ ժողովրդի ողբերգության հանդեպ, պարզապես իրենք պետք է աջակցեն փաստերը եւ տվյալները վերլուծող հրապարակային քննարկումների անցկացման գործընթացին:
Հայաստանը, հենվելով մի շարք պատմաբանների եւ խորհրդարանների հրապարակումների վրա, ապացուցում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ներկայիս Թուրքիայի արեւելյան հատվածում սպանվել է 1,5 մլն քրիստոնյա հայ եւ որ դա Օսմանյան կայսրության հրամանով է իրագործվել:
Թուրքական կառավարությունը եւ շատ թուրքեր ցեղասպանության փաստն ընդունում են որպես վիրավորանք իրենց հասցեին: Անկարան պնդում է, որ այդ ժամանակահատվածում մարդկային ծանր կորուստներ են եղել 2 կողմից էլ:
Իսրայելցի օրենսդիրները որոշել են, որ այս հարցը առաջիկայում կքննարկվի կրթության հանձնաժողովում, սակայն խորհրդարանի ցանկացած որոշում պարտադրանք չի կարող հանդիսանալ կառավարության համար:
Իսրայելի արտգործնախարարության մամլո քարտուղար Իգալ Փելմորը հայտարարել է, որ Իսրայելի պաշտոնական տեսակետն այս հարցի շուրջ հետեւյալն է` “այս հարցը պետք է լուծվի պատմաբանների կողմից, այլ ոչ թե քաղաքական ասպարեզում”:
Հայոց ցեղասպանության հարցը Իսրայելում զգացմունքային պոռթկումների տեղիք է տվել, քանի որ հրեա ժողովուրդը նույն ողբերգությունն է ապրել 2-րդ Համաշխարհային պատերազմի տարիներին` կոտորվելով ֆաշիստների կողմից: Այդ պատճառով էլ մի շարք իսրայելցի պաշտոնյաներ կարծում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը իրենց բարոյական պարտականությունն է:
Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ռեուվեն Ռիվլին իր հերթին հայտարարել է, որ “նրանք, ովքեր սպանության ճանաչում են պահանջում, լոբբինգով չեն զբաղվում, այլ պարզապես պատմական արդարության են ձգտում”:
Նինո Աբեսաձեն, ով կենտրոնամետ “Քադիմա” կուսակցության պատգամավոր է, խորհուրդ է տալիս չկապել այդ հարցը Թուրքիայի հետ: “Հայ ժողովրդի ողբերգության հանդեպ ունեցած զգացմունքները մենք չպետք է կապենք տարածաշրջանում առկա այլ սպառնալիքների հետ: Այնպիսի երեւույթները, ինչպիսին ցեղասպանությունն է, վեր են քաղաքականությունից”,-ընդգծել է նա: