22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ախր, էս արձանը խորհրդանշում է պատմական Հայաստանը, որից խրտնած ճագարի նման փախչում են Սիրելի Առաջնորդն ու նրա սազանդարները

Հակոբ Կարապետյանը գրում է.

Մեր թանկագին Անահիտ Արամազդովնային վերագրվող արձանի հետ կապված ինչ շահարկում ասես արեցին, երբ ով ասես, նրա վրա փիառվեց՝ երբեմնի Աշոտյանից սկսած մինչեւ ներկայիս քպ-ական մանրումեծ մարդիկ։ Այդուհանդերձ, մի երկու բան ունեմ ասելու սույնի վերաբերյալ։

Նախ, հանրահայտ է, որ արձանի ֆրագմենտը 19-րդ դարի վերջում է հայտնաբերվել՝ պատմական Փոքր Հայքի տարածքում, եւ մեր պատմիչ Ղեւոնդ Ալիշանի շնորհիվ, նրան մեզանում տրվել է Անահիտ անունը, որովհետեւ հին ժամանակներում այդ տարածքներում էր գտնվում Անահիտ դիցուհու գլխավոր տաճարը։ Այս վարկածը գիտական հանրության մոտ համընդհանուր ճանաչում չի ստացել։

Ինչեւէ, հիմա մենք մեր խասյաթի համաձայն, ընկել ենք ծայրահեղությունների գիրկն ու այս արձանը կամ ՄԱՅՐ

ԴԻՑՈՒՀԻ ենք համարում ու հայոց հինավուրց մշակույթի ցցուն առհավատչյա, կամ հակառակը՝ ասում ենք, որ սա հայկականության հետ ոչ մի կապ չունի, ու ընդհանրապես, սա ստից ժեշտի կտոր ա, ու որ եվրոպական թանգարաններում սրանից լիքը լցրած ա։

Իրականում, իհարկե, ճշմարտությունը գտնվում է ինչ-որ տեղ մեջտեղներում։

Սկսենք, վերջից՝ արդյո՞ք սա մի շարքային քանդակ է, որոնցից եվրոպաներում թափած ա։ Իմ զուտ դիլետանտական դիտարկումներով՝ ոչ։ Առնվազն որովհետեւ Բրիտանական թանգարանում, որտեղ ամբողջ մոլորակից ու տարբեր ժամանակաշրջաններից մի քանի միլիոն նմուշներ են ցուցադրված, այս քանդակը ամենաճանաչվածներից է, ու վկան՝ թանգարանի շոփինգ-սրահում դրա տասնյակ պատճեններն են վաճառվում՝ տարբեր չափսերի, տարբեր նյութերից ու տարբեր գների (առաջին քոմենթի լուսանկարն արել եմ բառացիորեն տասն օր առաջ՝ Լոնդոնի Բրիտանական թանգարանում, որտեղ էլ պահվում է Անահիտին վերագրվող արձանի ֆրագմենտը)։

Երկրորդը «Անահիտի»՝ հայկական մշակույթին պատկանելության հարցն է։ Նախ, հենց Բրիտանական թանգարանում այն ներկայացված է որպես Անատոլիայից հայտնաբերված հելլենիստական քանդակ, որը հավանաբար Աֆրոդիտեին է պատկերում կամ, հաշվի առնելով տեղանքը՝ ԻՐԱՆԱԿԱՆ աստվածուհի Անահիտին։ Էստեղ հայկականության մասին որեւէ հիշատակություն չկա, ի տարբերություն, օրինակ, Ուրարտուի սրահում ներկայացված նմուշների, որտեղ շատ հստակ ներկայացված է Հայաստանի ու հայերի հետ ուրարտական ժառանգության կապը։ Բայց, օք, մենք գիտենք, որ Անահիտը, եվրոպացիների ընկալմամբ իրանական դիցուհի լինելով, սիրելի կերպար էր տեղացի ժողովուրդներից շատերի՝ հայերի, վրացիների եւ այլոց համար։ Այսինքն, ինչ-որ առումով այս քանդակը կարող է նաեւ հայերին վերաբերվել։ Ու ի վերջո, ո՞վ կարող է մեզ արգելել մեր դիցուհուն սիրել, հարգել եւ այլն։

Սակայն սա չի կարեւորը ամենեւին, այլ թե ինչպես են էս քանդակը ներկայացնում ներկա իշխանական պրոպագանդիստները՝ Սիրելի Առաջնորդ Նիկոլ Վովայի Փաշինյանի գլխավորությամբ։ Թե բա՝ «մայր դիցուհու վերադարձը» եսիմինչ։ Ախր, վերը նշված ամեն ինչով հանդերձ, էս արձանը, առաջին հերթին, խորհրդանշում է ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, որից խրտնած ճագարի նման փախչում են Սիրելի Առաջնորդն ու նրա սազանդարները։ Ընդ որում, էս արձանը հենց է՛ն «մշակութային» պատմական Հայաստանի մասին է, որի կերպարը առաջ էր մղվում սովետական կայսերական դիսկուրսում։ Ու էս օրերին նրան սենց պաթոսով բերել-թամաշա անելու ամբողջ պատմության մեջ մեկ անգամ եւս վեր է հառնում Սիրելի Առաջնորդի «սկզբունքների», ասածների ու արածների, զգացմունքերի ու մտքի հակասական, վայրիվերո, հախուռն ու անողնաշար դրսեւորումը։ Բայց արձանն, ինչ խոսք, հանճարեղ է, ու լավ է, որ նա հիմա Երեւանում է։

Իսկ լուսանկարում պատկերված է Անահիտի արձանի թեմայով իմ 8 տարեկան տղա Արամի արած կոլաժը, որը ինձ համար պակաս հանճարեղ չէ, քան ինքը՝ արձանը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ