06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Աղջկա հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով տուրուդմփոցը Չարենցավանում ավարտվել է սպանությամբ. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Ռոբերտ Գալստյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Գործի դատական քննությունը դեռ 2013 թվականի մայիսից էր ընթանում:
Նախաքննական մարմինը 23-ամյա Ռոբերտ Գալստյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ռոբերտ Գալստյանը կալանքի տակ է առնվել 2012 թվականի հուլիսի 10-ին:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ տուժող Վարդան Վարդանյանի ընկեր Արթուր Խալաֆյանը 2012 թվականի հուլիսի 8-ին Կոտայքի մարզի Կարենիսի ձորում մասնակցել է իր ծանոթ Կարենի ծննդյան օրվան նվիրված խնջույքին, որի ժամանակ Կարենի ազգական Գրիշան աղջիկներից մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար Արթուր Խալաֆյանին դիտողություն է արել: Գրիշան ու Արթուրը վիճել են:

Վիճաբանությունը շարունակվել է Կարենիսի ձորում, որտեղ, ըստ դատական ակտի, Արթուրը Վարդան Վարդանյանի ու այլ ընկերների հետ ծեծել է Գրիշա Կոստանդյանին ու նրա ազգականներին:

Նույն օրը, ժամը 22-ի սահմաններում ծեծված Գրիշան իր ընկերներ Ռոբերտ Գալստյանի, Վահեի, Արթուրի հետ Չարենցավանի թիվ 3 դպրոցի մոտ հանդիպել է մեքենայով մենակ երթևեկող Վարդան Վարդանյանին:

Գրիշային ծեծելու վերաբերյալ պարզաբանումներ են պահանջել Վարդանից: Վիճել են, որի ժամանակ, դատական ակտի համաձայն, Ռոբերտ Գալստյանը առնվազն 19 սմ շեղբի երկարություն ունեցող դանակով հարվածել է Վարդան Վարդանյանի կենսական կարևոր օրգաններին՝ գլխի ծոծրակային հատվածին, պատճառել է ծոծրակային շրջանի կտրած վերք, այնուհետև խփել է որովայնին՝ պատճառելով որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածք՝ լյարդի վնասումով: Ներքին և արտաքին սուր արյունահոսություն է տեղի ունեցել:

Վարդան Վարդանյանը նույն օրը, ժամը 23-ն անց 10 րոպեին հիվանդանոցում մահացել է:

Դատարանում ամբաստանյալ Ռոբերտ Գալստյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե դեպքի օրը իրեն զանգահարել է Գրիշան ու ասել է, թե Կարենիսի ձորում վիճաբանություն է եղել: Ինքը գնացել է նրանց շենքի բակ: Զանգել է Գրիշային, նա չի պատասխանել:

Մտածել է, թե ինչ-որ բան է եղել: Մեքենա է վերցրել ու գնացել գյուղ, բայց ճանապարհին հանդիպակաց ուղեգոտով անցնող մեքենայի մեջ նկատել է Գրիշային: Իրենք հանդիպել են, ինքը տեսել է, որ Գրիշայի վիճակը վատ է. նրա մի աչքը կապույտ է եղել, ականջից արյուն է հոսել:

Ինքը մեքենայով Գրիշայի հետ գնացել է նրա հորաքրոջ տուն, օգնել է, որ նա լվացվի, արյունը մաքրի: Հետո մի քանի մեքենայով գնացել են Չարենցավան:

Երբ թեքվել են դպրոցի կողմը, տղաները կանգնել են: Գրիշան ասել է, թե իրենց դիմաց կանգնած մեքենայի մեջ իրենց ծեծողներից մեկն է: Իրենք մոտեցել են այդ մեքենային:

Այդ պահին Գրիշայի ազգականներն են եկել:

Գրիշայենք ոչինչ չեն խոսել, իսկ Վարդան անունով տղան՝ նրա անունը ինքը հետագայում է իմացել, իրեն ագրեսիվ է պահել, հայհոյանքներ է տվել:

Իրենք ցանկացել են հեռանալ: Ինքը համարյա թե մեքենա նստելիս է եղել, երբ Վարդանը շարունակել է հայհոյել: Ինքը զգուշացրել է, որ չհայհոյի, բայց նա իրեն էլ է հայհոյել:
Մեքենայի մեջ սպասքի տոպրակ է եղել, որի միջից ինքը դանակ է վերցրել, գնացել ու խփել է Վարդանին:
Ինքը չի ցանկացել այդ տղային սպանել, ցավում է, որ նա մահացել է:
Իրեն մայրը մենակ է խնամել հիվանդանոցում, երբ ինքը վրաերթից հետո պառկած է եղել ծանր վիճակում, ինքը բորբոքվում է մոր հասցեին ասված ցանկացած բացասական բառից: Երբ Վարդանը հայհոյել է իր մորը, ինքը կորցրել է ինքնատիրապետումը»,- գրում է թերթը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ 1in.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ