18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բախշյանին զարմացնում են քննադատական երանգները. ինչով է լավը 12-ամյա պարտադիր կրթությունը

«Ես հետևել եմ երեկվա քննարկմանը, և ինձ շատ զարմացնում են որոշ քննադատական երանգներ, և կարծում եմ, որ այդ օրենքի էության մեջ չեն մտել այդ մարդիկ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ խոսելով «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխության մասին, որով 12-ամյա կրթությունը դառնալու է պարտադիր: 

Բախշյանը կողմ է այս փոփոխությանը, որովհետև կարծում է, որ այս դեպքում պետությունը երաշխավորն է դառնում 12-ամյա կրթությանը, ինչը կապահովի երիտասարդների՝ մասնագիտացման մեջ ավելի մեծ հնարավորություններ ունենալը: «Հիմնական դպրոցն ավարտող մոտ 4000 երիտասարդներ պարզապես դուրս են մնում կրթությունից, որը լավ նշան չի, և եթե մինչև 19 տարեկանը երիատասարդը լինի կրթության մեջ, դպրոց լինի, ավագ դպրոց, քոլեջ, արհեստագործական ուսումնարան, ես ենթադրում եմ՝ անպայման երեկոյան դպրոցները նորից կզարգանան, որպեսզի այն երիատասարդներն, ովքեր կուզեն աշխատել և սովորել, այդ հնարավորությունը պետությունը պիտի տա, շատ ավելի լավ կլինի»:

Բախշյանի խոսքով՝ այս օրինագիծը շատ կարևոր քայլ է պետության կողմից: Ինչ վերաբերում է նրան, որ սոցիալական պայմանների բերումով 19 տարեկան շատ երիտասարդներ ցանկանում են աշխատել, ապա նա նշեց, որ ոչ ոք նրանց աշխատելու իրավունքը չի սահմանափակելու: «Եթե օրենքն ընդունվի, նշանակում է, որ պետությունը լրացուցիչ մեխանիզմներ պիտի մտածի՝ ինչպես այդ երիտասարդների համար հնարավորություն ստեղծի աշխատելու հետ սովորել: Այսինքն՝ կգործի ուսման հեռահար ձևը, կգործեն երեկոյան դպրոցներ, երեկոյան դասեր: Կրթությունը պետք է հարմարվի երիատասարդին»:

Անահիտ Բախշյանն ընդգծեց, որ 12-ամյա կրթությամբ պետությունը հնարավորություն կտա նաև մասնագիտանալ ինչ-որ արհեստների մեջ, որպեսզի հետո ավելի լավ ապրեն: «Կրթությունը բոլոր դեպքերում սոցիալական վիճակը լավացնելու ամենաճիշտ ձևն է, և քննադատել դա, ես չեմ հասկանում»: Ըստ մեր զրուցակցի՝ դա չէ, որ պետք է քննադատվի: «Պետք է ասվի՝ շատ լավ, որ 12-ամյա պարտադիր կրթությունը մտցնում եք, բայց պետությո՛ւն, նախարարությո՛ւն, ասեք, խնդրեմ, թե ինչ մեխանիզմներ են աշխատելու, կրթության ձևերը փոխելու եք արդյոք»: 

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը նկատեց, որ այսօր մեր երկրում կան այնպիսի մասնագիտություններ, որոնք նորմալ մասնագետներ չունեն, ինչպես օրինակ՝ լավ սալիկապատող, վերելակագործ: «Կան մասնագիտություններ, որոնց կարիքը շատ ունեն գործատուները: Ի վերջո գործատուների մեջ շատ մեծ դժգոհություն կա, որ իրենք իրենց գործունեությունը ծավալելու համար չեն գտնում համապատասխան մասնագետներ, իսկ նրանք, պարտադիր չէ, բուհ ավարտեն: Միջին կրթության այդ հատվածը չի գործում, իսկ այս օրենքը կխթանի, կպարտավորեցնի պետությանը, որ միջին մասնագիտական աստիճանը, մակարդակը զարգացնեն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ