Ի՞նչու են Վանոյին ուզում
“Ֆեյսբուք” սոցիալական կայքի օգտատերերը հանդես են եկել նոր նախաձեռնությամբ: “Ելք” խմբի անդամները՝ լրագրող Վարդուհի Սիմոնյանի գլխավորությամբ, ստորագրահավաք են նախաձեռնել Վանո Սիրադեղյանի վերադարձի համար:
“Ճիշտն ասած, ես հիմա չեմ կարողանում աշխատել, ինձ խանգարում է այս ապատիկ վիճակը, չեմ կարողանում քնել,որովհետև սահմանի վրա զոհվում են մեր երեխաները, ես ուզում եմ հասկանալ,կա արդյոք մեր երկրում մտավորական ընտրախավ,եվ եթե կա՝ ապա ինչու է խիղճը պարտվում այս տարածքում”,-այսպես մեկնաբանեց նախաձեռնության հեղինակ Վարդուհի Սիմոնյանը Henaran.am-ի հետ զրույցում իր քայլի մոտիվացիան:
Վարդուհին նշեց, որ ֆեյսբուքյան “ԵԼՔ” խումբն արդեն 8 ելք առաջարկել է. վերջինը մեդիանախագիծ էր, որը լայնորեն լուսաբանեցին մեր լրատվամիջոցները:
“Մենք նաև քաղաքական ակումբների նոր, մրցունակ ձևաչափեր ենք առաջարկում,կառավարմանը հասարակական մասնակցության նոր մոդելներ,փորձում ենք միասին գտնել այս սոցիալական վանդալիզմից դուրս գալու ելքեր:
Մենք փոքր, կներեք, փոքրաթիվ երկիր ենք և պիտի կարողանանք գնահատել ու խնամքով վերաբերվել մեր մարդկային ռեսուրսին.Վանոն տաղանդավոր գրող է և շատ հետաքրքիր քաղաքական գործիչ:
Էս աշխարհում ցանկացած բան չափելի է.անգամ տիեզերքն են այսօր կշռում: Ինձ համար մասնագիտական չափումից ճշգրիտ բան չկա.Վանոյի գիրը չափել է մեր ժամանակի ամենամեծ գրողը՝ Հրանտ Մաթեվոսյանը, չի թողել մեր խղճին ու խելքին:
Իսկ քաղգործչի ամենամեծ չափն այն է ,որ նրա քաղհրապարակից հեռանալու 15-րդ տարում էլ նրան հիշում են,ավելին՝ստորագրահավաք կազմակերպում նրա օգտին”,-եզրափակեց Վարդուհին: