27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բանկերի վարկային պորտֆելը նվազել է

Տեւական ժամանակ արձանագրվող աճից հետո, բանկային համակարգի միջոցով Հայաստանի տնտեսության վարկավորման ծավալը տարեսկզբին կրճատվել է։ Մի բան, ինչը մեծացրել է ճնշումը տնտեսական գործընթացների վրա։

Այժմ անցած տարվա վերջին ֆինանսական շուկայում ի հայտ եկած խնդիրները մեղմելու նպատակով կիրառած գործիքների թուլացման միջոցով Կենտրոնական բանկը փորձում է առեւտրային բանկերին աստիճանաբար վերադարձնել վարկային շուկա։

Դրան են միտված նաեւ բանակային գործունեության կարգավորման նորմատիվային դաշտի վերջին փոփոխությունները։ Նախկինում կիրառվող մի շարք պահանջների մեղմացմամբ՝ Կենտրոնական բանկը նպատակ ունի խրախուսել բանկերի միջոցով արտաքին աղբյուրներից ֆինանսական միջոցների ներգրավումը։ Մասնավորապես ընդլայնվել է այն միջազգային կառույցների շրջանակը, որոնցից գումարներ ներգրավելու դեպքում նախատեսվում է կիրառել պարտադիր պահուստավորման նվազագույն տոկոսադրույք։

Մեղմացվել են նաեւ արտաքին շուկաներում հայաստանյան բանկերի պարտատոմսերի թողարկման պայմանները։ Այս քայլերով ԿԲ-ն նպատակ ունի նպաստել բանկերի կողմից երկարաժամկետ եւ կայուն ֆինանսական միջոցների ներգրավմանը, որոնք պետք է մեծացնեն դրանց վարավորման հնարավորությունները։

Մինչ Կենտրոնական բանկը փորձում է պայմաններ ստեղծել, որպեսզի բանկերը վերադառնան վարկային շուկա եւ բավարարեն տնտեսության մեջ ֆինանսական միջոցների նկատմամբ գոյություն ունեցող պահանջարկը, վարկավորման ծավալները կրճատվում են։

Պաշտոնական տվյալներով, միայն հունվարին բանկերի վարկային պորտֆելը նվազել է ավելի քան 34 մլրդ դրամով։ Թեեւ դեռեւս չեն հրապարակվել փետրվարի ցուցանիշները, այնուհանդերձ դատելով վարկառուների դժգոհություններից, կարելի է ենթադրել, որ վարկավորման ակտիվությունը բարձր չի եղել նաեւ այդ ամսին։

Նվազել է բանկերի ներդրումային պորտֆելը գրեթե բոլոր հիմնական վարկային շուկաներում։ Ամենամեծ անկումը գրանցվել է առեւտրի ոլորտում տրամադրվող վարկերի դեպքում։ Եթե անցած տարվա վերջին բանկերի նման վարկերն անցնում էին 386 մլրդ դրամի սահմանը, ապա հունվարին կազմել են 369,5 միլիարդ։

Վեց միլիարդով նվազել է սպառողական վարկերի պրոտֆելը։ Թեեւ անկումը շատ մեծ չէ, այնուհանդերձ առկա է նաեւ հիպոթեկի շուկայում։ Կրճատվել են նաեւ տնտեսության մեջ մտնող վարկային միջոցները։ Արդյունաբերությանն ուղղված բանկերի վարկային պորտֆելը նվազել է ավելի քան 10 մլրդ դրամով։ Գյուղատնտեսության դեպքում անկումն ավելի փոքր է՝ շուրջ 700 մլն դրամ։

Վարկավորման շուկայի պասիվացման վրա անշուշտ էական է եղել  Կենտրոնական բանկի անցած տարվա վերջի գործողությունների ազդեցությունը։ Պատահական չէ, որ վերջինս այժմ քայլեր է անում իրականացված խստացումներն աստիճանաբար թուլացնելու ուղությամբ։ Մասնավորապես բավականաչափ նվազեցվել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը, ինչը նպատակ ունի նպաստելու կարճաժամկետ տոկոսադրույքների անկմանը։

Որոշ գործիքների կիրառմամբ ԿԲ-ն ն փորձում է հասնել նաեւ դրամային երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքների մեղմացմանը։ Դրան են ուղղված բանկային գործունեության կարգավորման դաշտում վերջերս կատարված փոփոխությունները։ Մասնավորապես մարտի 1-ից կրճատվել են բանկերի կողմից երկարաժամկետ դրամային միջոցների ներգրավման համար կատարվող ծախսերը։

ԿԲ-ն հույս ունի, որ տոկոսադրույքների աճի պոտենցյալի չեզոքացմանը կնպաստի նաեւ որոշ ոլորտներում, հատկապես արտահանման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազեցումը։ Այդպես կլինի, թե ոչ, ցույց կտա ժամանակը։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ