15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ակնհայտ է, որ պայթյունը իրադարձությունների զարգացման վերջին, բայց ստեղծված պայմաններում անխուսափելի դարձող տարբերակն է․ Արմեն Աշոտյան

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։

Կարեն Վարժապետյան․ «Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել, խնդրում եմ ասեք՝ ինչքա՞ն է շարունակվելու»։

Արմեն Աշոտյան․ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացված վայրագությանը դժվար է գնահատական տալ՝ պահպանելով բարեվարքության կանոնները։ Սա Նիկոլ Փաշինյանի ոստիկանական ռեժիմի հերթական հակառակորդն է, և Նիկոլը արագացված տեմպերով հավասարվում է Ուգանդայի, Զիմբաբվեի կամ Կամբոջայի՝ սեփական ժողովրդի արյունը քամող դիկտատորներին։ ՎԱԽ՝ սա է Փաշինյանի և´ ներքին հոգեվիճակը, և´ իշխանությունը պահելու միակ գործիքը։ Եվ այս պարանոիդալ իրականությունը նա փորձում է ամեն գնով տարածել հանրապետությունով մեկ։ Նա վախեցնում է ժողովրդին պատերազմով, զոհերով, կալանքներով, հիմա նաև՝ խոշտանգումներով։ Նա լավ չի պատկերացնում, որ նման դաժանություններով նա լեգիտիմացնում է ռադիկալիզացիան։ Եվ սա հղի է բումերանգի էֆեկտով;

Գրանտներով ժամանակին բուծված կոմերսանտ-իրավապաշտպանները և արևմտյան դեսպանները կշարունակեն, բերանները Cabernet-Sauvignon լցրած, լռել Հայաստանի սադամիզացիայի մասին։ Այն, որ «ժողովրդավարության Բաստիոնը» իրականում վերածվել է հակաժողովրդական Բաստիլի, իրենց վարդագույն ակնոցներով չի երևում։ Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլը իշխանության է։ Իսկ նա իշխանության կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մենք՝ որպես ժողովուրդ, իրեն դեն չենք նետել  վարչապետական կաբինետից։

Սերինե Մայիլյան․ «Պարոն Աշոտյան, Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտը հեռացավ Արցախից։ Սա ի՞նչ է նշանակում»։ Արմեն Աշոտյան․ Ռուս խաղաղապահների հեռացումը Արցախից ևս մեկ մեխ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դագաղի մեջ։ Ոմանք գուցե հրճվանքով կասեն, թե տեսեք՝ Ռուսաստանը սկսում է դուրս գալ Հարավային Կովկասից, սակայն դա դատարկ պնդում է։ Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ նա վերադասավորվելու է: Խաղաղապահ ուժերի հեռացումը նշանակում է նաև տեսանելի ապագայում Արցախ վերադառնալու հեռանկարի սառեցում 150,000 մեր հայրենակիցների համար։ Այս քայլը նաև լրջագույն վտանգ է առաջացնում հայկական հոգևոր մշակութային ժառանգության համար Արցախում՝ Դադիվանքից, Գանձասարից, Ամարասից սկսած։ Ադրբեջանի համար սա ինքնիշխանության վերականգնման ևս մեկ ցուցանիշ կմատուցեն, իսկ Աղդամում ստեղծված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդառնա մաքուր թուրքական՝ անկախ թուրքերի հայտարարությունից։ Ռուսական կողմը փորձում է ներկայացնել սեփական կոնտինգենտի դուրս բերումը որպես «миссия выполнена» թեզ։ Սակայն ողջ հարգանքով Արցախի հողում իր կյանքը տված ռուսաստանցի զինծառայողների հիշատակի նկատմամբ, ողջ երախտագիտությամբ Արցախի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնության համար, ստիպված եմ արձանագրել, որ 3 տարիների արդյունքում ռուսական կոնտինգենտը կատարել է իր ֆունկցիաները, բայց ոչ՝ միսիան, առաքելությունը։ Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանի մեղքը Արցախի կորստի և հայաթափման գործում հսկայական  և որոշիչ է, որքան էլ պաշտոնական Մոսկվան Փաշինյանին մատնացույց անի նաև հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հրահրման հարցում, անգամ այդ դեպքում հնարավոր չէ խուսափել «ձախողում» բառից, առնվազն 2018-ից հետո Նիկոլի հետ Մոսկվայից կառուցվող հարաբերությունների համատեքստում։

Սերգեյ Թովմասյան․ «Երկրում իրավիճակը պայթյունավտանգ է, ե՞րբ է այս ամենը տրաքելու։ Ե՞րբ ենք ազատագրելու մեր երկիրը»։

Արմեն Աշոտյան․ Երկրում իրավիճակն, իրոք, պայթյունավտանգ է, սակայն ամենացանկալի սցենարը պայթյունի չհասցնելը կլիներ, այլ մեր պետության տակ դրած ականը վնասազերծելը: Ակնհայտ է, որ պայթյունը իրադարձությունների զարգացման վերջին, բայց ստեղծված պայմաններում անխուսափելի դարձող տարբերակն է։ Այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը և հայ ժողովուրդը, հակաբնական է, հակաբարոյական է և հակագիտական է։ Նիկոլը «նոր հայ»  կերտելու համար ոչ բարոյական իրավունք ունի, ոչ մտավոր կարողություն, ոչ էլ քաղաքական կապիտալ։ Իրականում նրա պատկերացրած հայի տեսակը չի կարող տիպային դառնալ, որովհետև Հայրենիք, պատիվ, բարոյականություն, Աստված ժխտող տեսակը ոչ թե Հայ է, այլ չՀայ։ Նիկոլը հայերին դրել է լոլիկի կամ բադրջանի տեղ, իսկ ինքն իրեն՝ Միչուրինի, ով նպատակ է դրել սելեկցիայով հայի նոր տեսակ ստանալ և բուծել։ Այս կեղտոտ գործի համար նա և  իր խորհրդատուները չեն խորշում սոցիալական ինժեներիայի ամենաստոր մեթոդներից։ Եվ այս ամենը կավարտվի այն պահին, երբ հայը վերջապես որոշի ապացուցել, որ պոմիդոր չէ, այլ մարդ է: Վարդան Մինասյան․ «Երբ հարցնում ենք, թե երբ է ինչ-որ բան սկսվելու, ասում եք՝ պետք է ժողովուրդը ոտքի կանգնի, բա ի՞նչ անենք, որ ժողովուրդը ոտքի կանգնի, կամ դուք ի՞նչ եք անում, որ չի կանգնում։ Խնդրում եմ ասեք»։

Արմեն Աշոտյան․ Ձեր հարցի դառնությունը հասկանալի է։ Թե ինչ եմ անում կոնկրետ ես, կարծում եմ, պարզ է՝ ազատազրկված լինելով իմ քաղաքական հայացքների համար, ես ոչ միայն դիմանում, դիմադրում և պայքարում եմ իմ նեղ գործի շրջանակներում, այլև հոդվածներով, հարցազրույցներով, վերլուծություններով փորձում եմ իմ համեստ լուման ունենալ համընդհանուր դիմադրության մեջ։ Ի դեպ, եթե կարող եք առաջարկներ անել, թե էլ ինչպես կարող եմ բանտախցից նպաստել Նիկոլի հեռացմանը, շնորհակալ կլինեմ։ Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա կրկնեմ կարծիքս, որ ժողովուրդը իր հերթին ակնկալում է նոր մրցունակ առաջարկ ընդդիմության կողմից, այդ թվում նաև՝ անհատական առաջնորդության տեսակետից։ Այդ հնարավոր առաջնորդության մասով ուզում եմ պարզապես խնդրել բոլորին՝ մի փնտրեք նոր «փրկիչ», քանզի ուր է հասցնում «փրկիչը» երկիրը, Նիկոլի ողբերգական օրինակով տեսանելի է։

Նատալիա Եպիսկոպոսյան․ «Անդրանիկ Քոչարյանն արդեն կասկածի տակ է դնում ցեղասպանությունը և զոհերի թիվը, ի՞նչ կասեք այս թեմայով»։

Արմեն Աշոտյան․ Նախ ֆիքսենք երկու բան։ Առաջինը, Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ անգամ Փաշինյանի նախաձեռնությունն է։ Եվ երկրորդը, դա ոչ թե պատահական կամ սպոնտան քայլ է, այլ 2018-ից սկսած Փաշինյանի կողմից հետևողականորեն վարվող քաղաքականություն։ Իր ողջ պաշտոնավարման ընթացքում, հենց ամենասկզբից Նիկոլը քայլ առ քայլ հրաժարվում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից։ Վերցրեք և վերընթերցեք 2018-ից հետո նրա ելույթները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեաներում, Եվրոպական խորհրդարանում, ԵԽԽՎ-ում, նրա ուղերձները Ապրիլի 24-ի կապակցությամբ։ Միակ բացառությունը 44-օրյա պատերազմն էր։ Նա քաղաքական անբարոյականության նոր նշաձող է սահմանում այս թեմայով։ Ցանկացած ժողովրդի հանդեպ իրացված ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթաց պահանջում է միջազգային լուրջ դերակատարների ներգրավում, որոնք բնական է, որ պիտի ունենան նաև սեփական շահ։ Սկզբից դա Սովետական Միությունն էր, բայց արդյո՞ք Սովետներն էին հայ ժողովրդի ցավի և արժանապատվության տերը, կամ արդյո՞ք Սովետները կարող էին ցեղասպանության հետևանքով երկրագնդով սփռված հայկական գաղթօջախներում Հայոց Ցեղասպանության հարցը առաջ տանեին։ Կամ ի՞նչ կապ ուներ Սովետը 1915-ին հույների և ասորիների ցեղասպանության հետ։ Նիկոլի սկանդալային դասախոսության այդ թեզերը տգետ են և բարոյազուրկ։ Հայոց ցեղասպանության հարցի ուրացումը ունի նաև լրջագույն միջազգային հետևանքներ։ Նախ հարված է հասցվում ցեղասպանությունների կանխարգելմանը ուղղված միջազգային մեխանիզմներին, որովհետև Հայոց ցեղասպանությունը շատ կարևոր մասնիկն էր այդ շարժման։ Նիկոլը սրբում է Թուրքիայի արյունոտ երեսը նաև վերջինիս ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում։ Հարվածի և հարցականի տակ է դրվում նաև միջազգային քաղաքական գործիչների, փորձագետների, մտավորականների տասնյակ տարիների աշխատանքը։ Հոլոքոստը, Ռուանդայի և Հարավսլավիայի ցեղասպանությունները՝ բոլորն էլ ունեցել են միջազգային ասպարեզում հարցը առաջ տանող, ավելի հզոր և շահագրգիռ «սպոնսորներ»։ Իսկ Հայաստանի անկախացումից հետո Հայոց ցեղասպանությունը դարձավ միջազգային քաղաքական օրակարգի մաս և ճանաչվեց տասնյակ արևմտյան երկրների և կառույցների կողմից։ Ըստ Նիկոլի, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Լեհաստանը Ստալինի՞ խաթր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Բրեժնևի՞, թե՞ միանգամից Պուտինի։ Փաշինյանական նոր դավաճանությունը ունի նաև երկու ներքին նպատակներ ա․ դյուրացնել նոր Սահմանադրության ընդունումը և բ․ խորացնել Հայաստան- Սփյուռք խզումը։ Ի դեպ, երկուսն էլ թուրքական պահանջներ են։ Այսքանից հետո ոչ մի հոգով նիկոլական իրավունք չունի ապրիլի 24-ին բարձրանալ Ծիծեռնակաբերդ։ Չպղծե՜ք ձեր ներկայությամբ 1․500․000 հայ նահատակների հիշատակը։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔՀԿ

19.04.2024

aravot.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ