Բա ասում էիր՝ փոխանակում ես, չես փոխանակել, այլ հանձնել ես. Տիգրան Աբրահամյան
«Այս արձանագրությունը Տավուշի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին է»,-
«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը նկատի ունի ՀՀ փոխվարչապետի եւ Ադրբեջանի փոխվարչապետի հանդիպման ժամանակ ստորագրված արձանագրությունը, որը ժամեր առաջ հրապարակվեց։ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի միջեւ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը։ Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն։
«Ի՞նչ քարտեզով է որոշվել, թե որտեղով է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանն անցնում։ Ոսկեպարցիներին ասել էր, թե գետից չեն անցնելու ադրբեջանցիները, ճանապարհի հատում չի լինելու։ Հրապարակված այս տեքստի բովանդակությունից հասկանում ենք, որ ադրբեջանցիները անցնելու են։ Իհարկե, կարող են ասել՝ ադրբեջանցիները ճանապարհը չեն հատում, բայց եթե կանգնեն այդ ճանապարհից 5 մետր հեռավորության վրա, ավելի վատ իրավիճակ է ստեղծվում»,-նշեց Աբրահամյանը։
Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա եւ զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված:
Տիգրան Աբրահամյանի խոսքով, պետք չէ շտապել՝ ԶՈՒ-ն փոխարինել սահմանապահներով։
«Ես կարծում եմ, որ քանի դեռ հարցին փաթեթային լուծում չի տրվել, պետք է սահմանապահներ տեղակայել։ Քանի դեռ երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի հարձակվի, իմաստը ո՞րն է սահմանապահ դնել, որի պոտենցյալն ու կարողությունը զիջում է Զինված ուժերի պոտենցիալին»,-ասաց նա։
Լիա Սարգսյան
hraparak.am