22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դատապարտում են Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը

այաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավորին անհարիր վարքագիծը, պատկան մարմիններից պահանջում է քննություն իրականացնել կատարվածի առթիվ՝ համապատասխան հետևանքներով, կոչ է անում Հայաստանում գործող դեսպանատներին, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին՝ համարժեք արձագանքել տեղի ունեցածին և հանուն կոնյունկտուրային նպատակների՝ աչք չփակել Հայաստանում մամուլի, խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման դեմ իշխանության կողմից իրականացվող բռնությունների վրա։ Այս մասին ասված է Հայաստանի ժուռնալիստների միության տարածած հայտարարության մեջ։

«Երեկ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցում բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին՝ թիրախավորելով կնոջը, նրա ծնողներին, հարազատներին և նրա ներկայացրած լրատվամիջոցը, գլխավոր խմբագրին։ Փողոցային բառապաշարով, ակնհայտ ագրեսիվ ու սպառնալից տոնով Սուքիասյանն արձագանքել է այն հարցերին, որոնք Ջեբեջյանը՝ որպես հանրային տրամադրությունները փոխանցող լրագրող, ուղղել է պատգամավորին։

Սա տեղի է ունեցել իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած երկրի խորհրդարանում, որի իշխանական ներկայացուցիչներն անդադար խոսում են մարդու իրավունքների մասին, օրենքներ են ընդունում կանանց իրավունքները պաշտպանելու ու նրանց հանդեպ բռնություն թույլ չտալու մասին։ Այդ նույն  խորհրդարանում, սակայն, իշխանական պատգամավորը թույլատրելիության սահմանն անցած վերբալ բռնություն է գործադրում կին լրագրողի նկատմամբ, անվանարկում նրա ընտանիքը, սակայն «կանանց իրավունքների պաշտպանությամբ» զբաղվող որևէ նախկին քաղաքացիական ակտիվիստ պատգամավոր որևէ կերպ դրան չի արձագանքում։

Դատապարտման որևէ խոսք չի հնչում նաև տասնյակ «իրավապաշտպան» կազմակերպությունների, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների կողմից, ովքեր մինչև 2018 թվականը երեկ տեղի ունեցածի հետ անհամեմատելի որևէ միջադեպի առթիվ բողոքի տարատեսակ ակցիաներ էին կազմակերպում։

«Առավոտի» գլխավոր խմբագիրը ժամանակին բացահայտել է, թե տարիների ընթացքում ովքեր են օժանդակել թերթի կայացմանը: Սակայն Վանո Սիրադեղյանի հրահանգով թերթը ֆինանսավորած, իսկ հետո այն դադարեցրած Խաչատուր Սուքիասյանը հիմա խեղաթյուրում է իրենից հետո տեղի ունեցածը՝ հարմարեցնելով այն Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած ակնարկներին ու քաղաքական նպատակահարմարությանը:

«Առավոտ» օրաթերթի լրագրողի դեմ Խաչատուր Սուքիասյանի ցուցաբերած սանձարձակ վարքագիծը հերթական վկայությունն է այն բանի, որ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի ավտորիտարիզմ, որի պայմաններում իշխանությունը չի հանդուրժում իր տեսակետից տարբերվող որևէ կարծիք։

Սուքիասյանը հավանաբար ոգեշնչվել է այն փաստից, որ իր անթույլատրելի վարքագծին նախորդել է ոստիկանության թողտվությամբ քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ տեղի ունեցած խոշտանգումը, բռնությունը, որը ևս կա՛մ որևէ արձագանքի չի արժանացել իրենց «իրավապաշտպան» հռչակածների կողմից, կա՛մ նույնիսկ արդարացվել է։

Տեղին է նկատել, որ Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը՝ քաղաքացի Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

Հայաստանում վերջին տարիներին համատարած դարձած ու վերջին շրջանում առավել սաստկացած բռնաճնշումները վկայում են քաղաքական իշխանության այլասերման մասին։ Դրանք բոլորը տեղի են ունենում բարձրագույն իշխանության, Նիկոլ Փաշինյանի առնվազն լուռ թողտվությամբ, հնարավոր է՝ խրախուսմամբ։ Իսկ լրագրողների նկատմամբ իշխանությունների ագրեսիվության խորքային պատճառն այն է, որ մամուլը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, մնացել է իշխանությանը հակակշռող միակ կենսունակ համակարգը»,– ասվում է հայտարարությունում։

***

Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, ինչը վերջինիս համար լրագրողին ու լրատվամիջոցին մեղադրանքներ ներկայացնելու և անհարգալից վերաբերմունք դրսևորելու առիթ է դարձել։

Մասնավորապես, բանավիճելիս լրագրողը, ի թիվս այլնի, ասել է, թե քաղաքացիների շրջանում համոզմունք կա, որ «Խաչատուր Սուքիասյանը թալանել է, հարկեր չի վճարել…»։ Պատգամավորը հակադարձել է վիրավորանքով․ «Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա․․․»։ Այնուհետև  Խաչատուր Սուքիասյանը կոպտորեն հորդորել է լրագրողին գնալ և իր լրատվամիջոցի ղեկավարին հարցնել. «Պարոն ղեկավար, որ քեզ ԿԳԲ-ից փող էին տալիս տարիներ շարունակ, ինչի՞ համար էին տալիս․ որ սուտ գրեիք, մարդկանց վրա կեղծիքներ անեիք, որ խառնեիք էս երկիրը․․․»։ Այնուհետև պատգամավորը բացահայտել է, որ 1994 թվականին իրեն խնդրել են ֆինանսավորել «Առավոտ» թերթը, հետո ասել են, որ դադարեցնի, քանի որ ֆինանսավորելու է ԱԱԾ-ն՝ Կառլոս Պետրոսյանի գլխավորությամբ։

Անշուշտ, այս զրույցը, որը հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ է շոշափում, կարող էր շատ ավելի բարեկիրթ հունով ընթանալ։ Ակնհայտորեն դրան չէին ձգտում ո՛չ լրագրողը, ո՛չ պատգամավորը։ Բայց եթե լրագրողական գործունեությունը ենթադրում է սուր և նույնիսկ սադրող հարցեր ուղղել զրուցակցին` դրդելով նրան «անկեղծանալու», ապա պաշտոնյային, առավելևս իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորին, դա իրավունք չի տալիս անվայել պահվածք և ագրեսիվություն դրսևորելու, վիրավորելու լրագրողին, նրա հարազատներին և գործընկերներին։

Այս միջադեպը պաշտոնյա-լրագրող, տվյալ դեպքում՝ Ազգային ժողովի պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա լուրջ խնդիրների ևս մի վկայություն է։ Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը կարող է առողջացման միտում ունենալ միայն  այդ խնդիրներին սկզբունքային հանրային գնահատականներ տալու միջոցով։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.

– պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից այդ խմբագրության ֆինանսավորմանը, ապա պատգամավորը ազատ է պատկան մարմիններին ներկայացնել համապատասխան վկայություն, եթե տիրապետում է որևէ պետական կառույցի՝ իր լիազորություններով չնախատեսված գործողությունների վերաբերյալ տեղեկությունների,

– Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկումներ և արդյունավետ այլ միջոցներ ձեռնարկել պատգամավորների ու լրագրողների միջև առկա լարվածությունը թոթափելու, փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ, իսկ ծագող խնդիրների լուծման համար դյուրին դարձնել խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի ձևավորումը և կանոնակարգված աշխատանքը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ