Գիտակցում եմ, որ կարող է դժվարին և երկարատև պայքար լինել. Վարդան Օսկանյան
“Այս օրերին ես Ֆեյսբուքով, էլփոստով, հեռախոսազանգերով ստանում եմ ամենատարբեր մարդկանց ոգեշնչող խոսքերը: Բոլորը մի բան են ասում՝ չընկճվել և պայքարը շարունակել: Գիտակցում եմ, որ սա միայն իմ պայքարը չէ, այլ հասարակության պայքարն է:
Գիտակցում եմ նաև, որ այն կարող է դժվարին և երկարատև պայքար լինել, ուստի յուրաքանչյուր աջակցություն ինձ համար ոգեշնչման աղբյուր է”,- “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում գրում է Սիվիլիթաս”-ի հիմնադիր, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Հիշեցնենք, որ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարույթում Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի (“Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)”) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է Վարդան Օսկանյանի և իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը, նախկին արտգործնախարարը ունը Վարդան Օսկանյանին որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու:
Այնուհետ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել գործի մանրամասների վերաբերյալ: Քրեական գործով նախաքննությունն իրականացվում է` ԱՄՆ-ում գրանցված ՛՛Պոլիմեր Մատերիալս՛՛ և ՛՛Հանթսման Ինթերնեյշնլ՛՛ կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված ՛՛Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս՛՛ ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը ՛՛Սիվիլիթաս՛՛ հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:
Հավելենք, որ երկրորդ անգամ ԱԱԾ հրավիրվելուց հետո Վարդան Օսկանյանը հաղորդագրություն տարածեց, թե հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ“հարուցված քրեական գործի շրջանակում ինքը հարցաքննվում է ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ : Ցուցմունք տալուց հրաժարվել էր նաեւ “Սիվիլիթաս”-ի տնօրեն Սալպի Ղազարյանը: