24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան և Ադրբեջանը սպառնում են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը. Էդուարդ Շարմազանով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 15-17-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենում «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատվիրակությունը: Համաժողովը կազմակերպվել է ՌԴ կառավարող «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից։

Պատվիրակությունը ղեկավարում է ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Պատվիրակության կազմում են նաև ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Համաժողովին մասնակցում են 50 երկրների պատվիրակություններ, այդ թվում` Ադրբեջանի ու Թուրքիայի իշխող ուժերը ներկայացնող։ Հայաստանից, մեր տեղեկություններով, համաժողովին մասնակցելու է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Այսօր ՀՀԿ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել համաժողովի ժամանակ «Նեոգաղութատիրության հակազդեցության տնտեսական ասպեկտները» թեմայով:

«Հարավային Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ հստակ դրսևորվում է պանթուրքիզմի նեոգաղութատիրական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ավելի քան 30 տարի ՀՀ-ն Թուրքիայի կողմից գտնվում է տնտեսական շրջափակման մեջ։ Հայաստանի տնտեսության նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ապակառուցողական, երբեմն էլ հանցավոր գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում մեր տարածաշրջանի կայուն զարգացման համար»,- իր ելույթի մեջ մասնավորապես նշել է Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ այս ազդեցության ամենացայտուն օրինակներից է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումը, որը շարունակվում է երկար տարիներ։

«Այս շրջափակումը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա՝ սահմանափակելով տարբեր շուկաներ մտնելու, ներդրումներ և ռեսուրսներ ներգրավելու մեր հնարավորությունները և լուրջ խոչընդոտներ առաջացնելով երկրի տնտեսական զարգացման համար»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Նա նաև նշել է, որ ապակառուցողական գործողությունների մեկ այլ օրինակ է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիան, որը զգալի կորուստներ է պատճառել տարածաշրջանի տնտեսությանը և բնակչությանը։ Էդուարդ Շարմազանովը շեշտել է՝ այդ օկուպացիան հանգեցրել է ազգաբնակչության բռնի գաղթին և բազմաթիվ զոհերի։

«Թուրքիան և Ադրբեջանը նաև ճնշումների ակտիվ քաղաքականություն են վարում Հայաստանին աջակցող երկրների վրա, այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցների և սպառնալիքների միջոցով։ Սա լրացուցիչ խնդիրներ է ստեղծում այս տարածաշրջանների տնտեսությունների համար և դժվարացնում նրանց մասնակցությունը միջազգային առևտրին և ներդրումներին։

Ընդհանուր առմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները Հայաստանի տնտեսության դեմ հանդիսանում են այդ տարածաշրջանների նկատմամբ ճնշման և վերահսկողության նրանց ռազմավարության մաս։ Դրանք սպառնում են տարածաշրջանի խաղաղ ու կայուն զարգացմանը և պահանջում են միջազգային լայն արձագանք ու աջակցություն՝ այդ սպառնալիքը հաղթահարելու համար»,- իր ելույթում ասել է Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գոհար Սավզյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ