Նժդեհի շիրիմի մոտ
Հունիսի 16-ին եւ 17-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր ուխտագնացություն Սպիտակավոր եկեղեցի (Սուրբ Աստվածածին), որտեղ ամփոփված են պետական, ռազմական, հասարակական եւ քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները:
Հունիսի 16-ին ավելի քան 100 երիտասարդներ մաքրեցին եւ բարեկարգեցին եկեղեցու հարակից տարածքը: Իսկ հունիսի 17-ին շուրջ 80 երիտասարդ հանրապետականներ մեկնեցին Վերնաշեն գյուղ, որտեղից ոտքով բարձրացան դեպի Սպիտակավոր: Այնտեղ երիտասարդները հարգանքի տուրք մատուցեցին Գ. Նժդեհի հիշատակին` ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դնելով մեծ հայորդու շիրմին:
Ինչպես նշեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վ. Գասպարյանը, սա արդեն ավանդույթ դարձած միջոցառում է: “Ամեն տարի կազմակերպում ենք ուխտագնացություն դեպի Սպիտակավոր, որտեղ մոմեր ենք վառում եւ հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի մեծ հայորդու հիշատակին”:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Գ. Նժդեհի շիրիմի մոտ իրականացրեց նաեւ ՀՀԿ-ի շարքերը նոր անդամագրված երիտասարդ հանրապետականների անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
1987-ին սպարապետ, ռազմական, քաղաքական եւ պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները գաղտնի տեղափոխվել եւ ամփոփվել են Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Այստեղ կանգնեցվել է շիրմաքար-խաչքար՝ որպես Նժդեհի խնկելի հիշատակի հավերժացման խորհրդանիշ: Ինչպես շատ հայրենասերների, Նժդեհի գաղափարական հետեւորդների, այնպես էլ Հայաստանի հանրապետական կուսակցության համար Սպիտակավորը դարձել է ուխտավայր, եւ ամեն տարի հարյուրավոր երիտասարդներ այցելում են այնտեղ:
Ի դեպ, Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է 3 հազար մ բարձրության վրա, եւ այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է անցնել 9-10 կմ ճանապարհ: