Սխալներ՝ գերիների փոխանակման հարցում
Բաքվի բանտերում երկար ժամանակ տառապող երեսուներկու հայ ռազմագերիները վերջապես ազատ արձակվեցին և վերադարձան իրենց երջանիկ ընտանիքների գիրկը։ Ես կվերլուծեմ նրանց ազատման նախապատմությունն ու հանգամանքները՝ մատնանշելով, թե ինչու Հայաստանը պետք է շատ ավելի լավ գործարք կնքեր։
1) 2020 թվականի պատերազմի ավարտի համաձայնագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ներառում էր մի դրույթ, որը պարտավորեցնում էր «իրականացնել ռազմագերիների և այլ պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում»։ Փաշինյանի սխալն այն էր, որ այս դրույթի կատարման համար վերջնաժամկետ չսահմանվեց՝ դրանով իսկ թույլ տալով Ադրբեջանին հայ գերիներին պահել այնքան ժամանակ, որքան նա ցանկանում է։
2) Փաշինյանի երկրորդ սխալն այն էր, որ 2020 թվականի պատերազմի ավարտից անմիջապես հետո Հայաստանն ազատ արձակեց բոլոր ադրբեջանցի գերիներին, իսկ Ադրբեջանը` հայ գերիներից միայն մի քանիսին։ Տեղի չունեցավ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակում:
3) Թեև 2020 թվականի համաձայնագրով որևէ նախապայման չէր դրվում հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման համար, Փաշինյանը թույլ տվեց իր երրորդ սխալը՝ Ադրբեջանին հանձնելով Ադրբեջանի կողմից բռնագրավված Արցախում հայկական ականների տեղադրման քարտեզները՝ Ադրբեջանի կողմից ևս մի քանի հայ գերիների ազատ արձակման դիմաց։ Ալիևն կարևոր դաս քաղեց, որ կարող է ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից հայ գերիների դանդաղ և աստիճանական ազատ արձակմամբ։
Այլ կերպ ասած, Ալիևը պարզեց, որ հայ բանտարկյալներն իր համար ավելի արժեքավոր են, եթե նրանց պահի Բաքվի բանտում, և ժամանակ առ ժամանակ մի քանիսին ազատ արձակի՝ Հայաստանից հավելյալ զիջումների դիմաց:
4) Փաշինյանի հարատև մտասևեռումը Ադրբեջանի հետ անհարկի «Խաղաղության պայմանագիր» կնքելու նկատմամբ ևս մեկ հնարավորություն է ընձեռում Ալիևին Հայաստանից հավելյալ զիջումներ կորզելու, այդ թվում՝ սահմանի կարգավորման բանակցությունների ընթացքում հայկական տարածքների նորանոր պահանջներ, ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի ներսում իրենց նախկինում բնակեցված գյուղերը, և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ընդունումը, որն Արևելյան Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ՝ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհի փոխարեն, ինչպես նշված է 2020 թ. համաձայնագրում։
5) Փաշինյանը պետք է հրաժարվեր Ադրբեջանի հետ բոլոր հանդիպումներից ու բանակցություններից՝ մինչև նրա զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ներսում գրավյալ տարածքներից և բոլոր հայ ռազմագերիների վերադարձը։
6) Ադրբեջանը համաձայնեց երկու ադրբեջանցի զինվորներին փոխանակել 32 հայ ռազմագերիների հետ, քանի որ Հայաստանը հանեց իր թեկնածությունը և չեղարկեց իր վետոն Ադրբեջանի վրա, որը հաջորդ տարի Բաքվում կհյուրընկալի կլիմայի փոփոխության միջազգային հեղինակավոր համաժողովը (COP29):
Սա է միակ պատճառը, որ Ալիևը համաձայնել է իրականացնել գերիների նման անհամաչափ փոխանակում։ Հրապարակայնորեն նշված մյուս պատճառներից ոչ մեկը ճիշտ չէ։
Հակառակ անհիմն շահարկումների՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը որևէ դեր չեն խաղացել այս գերիների փոխանակման կազմակերպման գործում։ Ալիևի մեծ ցանկությունն էր օգտագործել համաժողովը որպես միջոց՝ ցույց տալու Բաքուն որպես միջազգային նշանակալի մայրաքաղաք՝ ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումներից և ռազմական հանցագործություններից:
Ալիևը մեծ ջանքեր է գործադրել Բաքվում այլ խոշոր իրադարձություններ անցկացնելու համար, ինչպիսիք են «Ֆորմուլա 1» մրցաշարը, «Չմիավորված երկրների շարժման» գագաթնաժողովը, «Եվրատեսիլը», «Եվրոպական խաղերը» և այլն:
7) Հաշվի առնելով Ալիևի բուռն ցանկությունը Բաքվում կլիմայի գագաթնաժողովն ամեն գնով անցկացնելու վերաբերյալ, Հայաստանը պետք է ձգտեր բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակմանը, այլ ոչ թե միայն նրանցից 32-ին: Բացի այդ, Փաշինյանը պետք է պահանջեր ազատ արձակել 2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից գերեվարված և բանտարկված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին։
8) Միևնույն ժամանակ Հայաստանում տառապում են ավելի քան 100 հազար տարագիր արցախահայեր՝ զրկված ամենաառաջնային անհրաժեշտություններից՝ բնակարանից, սննդից և դեղորայքից։ Արցախահայերը թողել են իրենց ողջ ունեցվածքն Արցախում։ Հայաստանի կառավարությունը պետք է հայց ներկայացնի Համաշխարհային դատարան՝ պահանջելով Ադրբեջանից փոխհատուցում վճարել արցախահայերի բռնագրավված ունեցվածքի համար։
9) Վերոհիշյալ հարցերը լուրջ հարցադրումներ են առաջացնում Փաշինյանի հասցեին նրա համախոհների կողմից հնչեցրած բարձր գովասանքի վերաբերյալ, որոնք հպարտանում են, որ նա մեծ հաջողություն է գրանցել 32 հայ գերիների ազատ արձակմամբ։ Նրանք չգիտեն, որ ավելի հմուտ հայ ղեկավարը կարող էր շատ ավելի զիջումներ ստանալ Ադրբեջանից, քան մի քանի հայ գերիների վերադարձը:
10) Փաշինյանի կողմնակիցները նաև հիացած են, որ տարբեր օտարերկրյա ղեկավարներ իրենց գոհունակությունն են հայտնել գերիների փոխանակման կապակցությամբ՝ հուսալով, որ դա երկու երկրներին կբերի «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը։
Փաշինյանի կողմնակիցները չեն հասկանում, որ «Խաղաղության պայմանագիրը» իրականում խաղաղություն չի բերի երկու երկրներին, քանի որ Ալիևն արդեն խախտել է 2020 թվականի համաձայնագրի պայմանների մեծ մասը։ Ինչպիսի՞ երաշխիքներ կարող է որևէ մեկը տալ, որ նա կհարգի ապագա պայմանավորվածությունները:
Այս արտաքին ուժերը մտածում են միայն մեկ բանի մասին՝ իրենց շահերի, այլ ոչ թե Հայաստանի ազգային շահերի։ Նրանք գոհ են, որ Փաշինյանը բազմիցս զիջումներ է անում Ադրբեջանին, որպեսզի միջազգային հանրությունը օգուտ քաղի Ադրբեջանի նավթից ու գազից՝ անտեսելով հայկական շահերը և աչք փակելով Ալիևի կողմից սեփական ժողովրդի մարդու իրավունքների խախտումների վրա։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի